Երեկ հակառակորդը կրակահերթ է արձակել Շուշիից, այս մասին Արցախի իշխանությունները լռել են. ArmDaily

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ երեկ հակառակորդի կողմից կրակոցներ են եղել Շուշիից, սակայն այս մասին Արցախի իշխանությունների կողմից ոչ մի հաղորդագրություն չի եղել։

 

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը լրատվականի հետ զրույցում ասաց, որ Շուշիից կրակոցներն անդադար են լինում։

«Սրանք այն կրակոցներն են, որ անընդհատ լինում էին սահմանին։ Հիմա երբ սահմանն եկել, մեզ է մոտեցել, այսինքն ավելի խիտ բնակեցված մասերում թուքերն ավելի մոտ են մեզ, ապա այդ կրակոցները բնակչության մոտ պարզ լսվում է։ Մենք Ստեփանակերտում լսում ենք այդ կրակոցները։ Նոյեմբերի 9-ից սկսած այդպիսի օր չկա, որ թուրքերը չկրակեն։ Իրենք և օդ են կրակում, և հատուկ թիրախավորված են կրակում, ցանկացած բան անում են, ուղղակի մի օր մի քիչ շատ, մի օր մի քիչ քիչ։ Երեկ ավելի շատ է եղել, որովհետև մենք մեր տներում նստած այդ կրակոցները պարզ լսում էինք»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ կրակոցները թիրախավորված չեն եղել, և մնում է միայն գուշակել, թե ինչ նպատակով են եղել։

 

Նշենք, որ այս գիշեր հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հարցին՝ արդյոք Շուշիից հնչած կրակոցները և Գեղարքունիքում սկսված հարձակումը կապ ունեն իրար հետ՝ Հակոբյանը պատասխանեց. «Այս ամեն ինչը սկսվեց, երբ պատմություն գրվեց Հայաստանի համար թուրքերի հետ համատեղ, և դա ընդունվեց։ Սցենարի հաջորդ փուլը եղավ, երբ Արցախը հանձեց այս իշխանությունը և բազմահազար մեր քաջորդիների կյանքերի գնով։ Սցենարի արդյունքում, եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքերն՝ ինքը հանձնեց Արցախը, որպեսզի 30 հազար զինվորի կյանք փրկի, ինչը իրականությանը չէր համապատասխանում, դա ուղղակի լկտի սուտ էր։ Հիմա սցենարի 3-րդ փուլն է իրականացվում. նորից շոու, նորից թատրոն, որտեղ, ցավոք սրտի, մենք արդեն 3 զոհ ունենք, և թող որ իմ ասածները չդառնան իրականություն, թող որ ես սխալ լինեմ, բայց սա դեռ շարունակվելու է։ Արդեն ադրբեջանական կողմը հիմա ոչ թե հոխորտում է, վախեցնում է, խուճապ է առաջացնում, այլ հստակ ասում է, որ Հայաստանի իշխանությունները շատ արագ, հենց հիմա գնան սահմանազատման, սահմանագծման աշխատանքի ավարտելուն և արդյունքում ստորագրեն փաստաթուղթը, որը հայտնի է խաղաղության պայմանագիր վերնագրով, ինչը հայկական իշխանությունները ոչ հերքում են, ոչ հաստատում, բայց բոլորիս համար ակնհայտ է, որ սեղանին հենց այդ փաստաթուղթն է դրված»։

 

Հակոբյանը նշում է, որ Մոսկվայում բանակցություններից առաջ ադրբեջանական կողմի հետ համատեղ հայկական կողմը իրականացնում է այս կրկեսը, որ ցույց տա՝ նորից պատերազմի շեմին ենք։

 

«Ցույց են տալիս, որ հիմա ստիպված Նիկոլը «փրկեց» ուղղակի Հայաստանի մեծ մասը՝ տալով փոքր մասը, շատ զոհերի փոխարեն՝ տալով քիչ զոհեր։ Այս ամենը նորից թատրոն է։ Ցավն այն է, որ դեռ ժամանակ պետք է անցնի, որպեսզի ժողովուրդը հասկանա այսքանը և սթափվի, որովհետև հենց իրենց որդիներն են զոհվում, իրենք պաշտպանում են այս իշխանություններին, բայց արդյունքում մեր բոլորի երեխաներն են զոհվում։ Չգիտեմ այս պահին՝ ինչու է մեր ժողովուրդը քնած և ինչ կարող է լինել սրանից ավելի վատ, որ չի արթնանում մեր ժողովուրդը ու չի քշում այս իշխանություններին։ Որովհետև վախենալ, թե կարող է այս իշխանություներին քշելու դեպքում լինել ավելի վատը, ուղղակի չի կարող լինել։ Ամենավատն արդեն եղել է»,- ասաց Հակոբյանը։