Հաշվեհարդար տեսնելու համար ներխուժել են տան բակ, վնասել ավտոմեքենան, քաշքշել և հայհոյել են մորն ու կնոջը

Հուլիսի 20-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մադինա գյուղի մի բնակիչ։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։

 

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Մադինա գյուղի 3-րդ փողոցում հիվանդանոց տեղափոխվածն ու 4 անձ կենցաղային հարցերի շուրջ վիճել են, հայհոյել ու քաշքշել են իրար: Վիճաբանությունից հետո այդ անձինք գնացել են տղամարդու տան բակ, վնասել նրա ավտոմեքենան, քաշքշել և հայհոյել են մորն ու կնոջը, իսկ տղամարդուն նկատելով՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել, ապա կտրող-ծակող գործիքով երկու անգամ խփել են նրա ազդրին և գոտկային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Մարտունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքները պատճառել է Գեղհովիտ գյուղի 23-ամյա բնակիչը:

Նա և վիճաբանության մյուս երեք մասնակիցները բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ