ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ․ Պայթյուն է որոտացել Գեղաձոր գյուղում․ ավերածություններ են եղել, կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի  8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ  17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան դիմաց  30-ամյա Հրանտ Ֆերոյանի կողմից իր տան բակում կայանված  Գեղաձոր համայնքին պատկանող  «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է  տեղաշարժել,  անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած «վալնան» (օդի  ալիքը)  վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները,  հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր: Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները:

 

 Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, ովքեր  2 հոգու միչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Արագածի բժշկական կենտրոնի բժիշկները դարձյալ վերադարձել են դեպքի վայր և տեղում օգնությունն են ցուցաբերում ևս մեկ հոգու: Հավաքվածներն ասում էին, որ այդ մեկ հոգին տանտերն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ նրա հարազատներն են: Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս ու գյուղացիները խնդրանքով դիմում են Արագածոտնի մարզպետին, որպեզի սոցիալապես անապահով տուժված ընտանիքին  օգնության ձեռք մեկնեն: Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ոստիկանության Արագածի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Բաղդասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութ են նախապատրաստվում:

 

 Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:  Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ ասում էին. «Այնքան ուժգին էր պայթյունի ձայնը, մեզ թվաց, թե գյուղի հարևանությամբ գտնվող ռուսական զորամասում պայթյուն է տղի ունեցել, բայց եկանք էստեղ, լրիվ ուրիշ պատկերի ականատես եղանք: Անվադողի պայթյունի հետևանքով ջահել տղեն շպրտվել էր մեքենայի միջից, տան պատուհանները, դռները ճաղավանդակներն ու առաստաղը, գույքի մի մասը փշրվել ու կոտվել էին: Հալալ էր՝ թե՛ փրկարարներին, թե՛ բժիշկներին, թե՛ ոստիկաններին: Ահազանգից  7 րոպե անց բոլոր օպերատիվ ծառայություները էստեղ էին:  Բժիշկները  եթե մի քիչ ուշանային, չգիտենք ինչ էինք անելու: Նրանց շնորհիվ վիրավորների վիճակը չբարդացավ: ՄԻնչև  հիվանդանոց տեղափոխելը, սաղին հետազոտեցին, առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, իսկ փրկարարներն ու ոսստիկաններն էլ իրենց գործը հմտորեն կատարեցին: Գոհ ու շնորհակալ ենք բժիշկներից, փրկարարներից, ոստիկաններից: Մնում է, մարզպետարանը օգնության ձեռք մեկնի էս ընտանիքին, թե չէ իրենք միայնակ ի վիճակի չեն էս վիճակից դուրս գան»։