Դիերի մի մասը զինծառայողների ծնողներն ու հարազատներն արդեն վերցրել են. Ավանեսյան

Զոհված զինծառայողների դիերի մի մասը զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն վերցրել են:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կլինի երեք նախարարությունների հայտարարությունը, Ավանեսյանն ասաց՝ չի կարող օր նշել:

 

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ եթե լինեն որոշ անձինք, որոնք անհեռանկար կերպով չեն վերցնի զոհված զինծառայողների՝ արդեն իսկ նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի պատասխանատվություն՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար: Խոսքն այն մասին է, որ որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած՝ իրենց զավակների կամ հարազատների աճյունները:

 

Նախարարի պաշտոնակատարը նշել էր՝ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան: 

 

Հավելենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 100-ից ավելի նույնականացված մարմիններ կան, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցնում դիահերձարաններից: Թե հատկապես որոնք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց համար ծնողները չեն վերցնում որդիների աճյունները, մանրամասներ չեն հայտնվում: Բայց, օրինակ, կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, այլ հավատում են, որ նա գերեվարվածների մեջ է ու մի օր վերադառնալու է: