«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային

Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի ջուրօգտագործողների գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը, ով հանդիպես Արմավիր-Երեւան մայրուղին փակած գյուղացիներին:

 

Նրանք նշում են, որ մեկ շաբաթ է, ինչ ոռոգման  ջուրը կտրել են, չեն կարողանում ոռոգել այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը:

Նրանք պահանջում են, որ Արմավիրի մարզպետը գա ակցիայի վայր եւ պատասխանի իրենց հուզող հարցերին եւ նշում են, որ չեն հեռանա մինչեւ մարզպետը չգա:

«Թող մարզպետը գա, նախարար Սուրեն Պապիկյանը գա, խի եք ոստիկանի ուղարկել, որ ես կռիվ սարքեմ: Խի՞ ես ոստիկանին ուղարկել, նախարար տղա ես, հելի, արի, արա, քո ժողովորդն ենք, քեզ ենք ընտրել արա, խի՞ ես ոստիկանին ուղարկել, ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել»,-ասում է գյուղացիներից մեկը:

 

«Պատճառը 3 օր առաջ տեղի ունեցած վթարն է կանալի հատվածում, վթարից ջուրը լցվում է բնակարանները, ընդհուպ` մանկապարտեզ: Արդեն 2-րդ օրն է` շինարարական աշխատանքները արվում  են, հենց հիմա գալիս եմ այնտեղից, մինչեւ օրվա վերջ ավարտվելու են աշխատանքները, ջուրը միացվելու է: Միակ խնդիրը դա է հիմա, կանալը ենթակա չէ շահագործման, եկող ջուրը չի կարող տեղ հասնել, որովհետեւ Մալաթիայի հատվածում լցվում է բնակարանները: Կարող ենք հենց հիմա գնանք, ցույց տամ»,- ասաց նա:

Գյուղացիներից մեկն էլ վրդոված ասաց, որ իրենք այս պահին վնաս են կրում, ո՞վ է փոխհատուցելու իրենց վնասը, ինչին պաշտոնյան պատասխանեց, որ որեւէ մեկը ապահովագրված չէր, որ ջրանցքում խնդիր կառաջանար:

«Դուք ինձ 12 հազար դրամ պարտք եք, էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու, կամերաների դեմն եմ ասում, ցավդ տանեմ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Նշենք, որ առավոտից  Արմավիրի մարզի 13 գյուղերի բնակիչները փակել են Արմավիր-Երեւան մայրուղին եւ պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիը: Նրանց խոսքով` մեկ շաբաթ է, ինչ ոռոգման ջուր չկա իրենց համայնքներում:

 

Տեսանյութը՝ 24news