ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օղի արտադրող ընկերությունները չեն վճարել խոշոր չափի հարկեր-տուրքերը և օգտագործել են անօրինական ակցիզային դրոշմանիշեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկություններ է ձեռք բերել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում միմյանց շահառու երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են փաստացի մի վայրում, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրություններ իրականացնելու ծանուցումներում նշել են այլ հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

«Օպերլիազորների կողմից առաջ են քաշվել նաև վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ: Բացի այդ առաջացել են հիմնավոր կասկածներ, որ ընկերությունները չունենալով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման ծանուցումներ, արտադրում են նաև ցորենի սպիրտից պատրաստված օղի։ 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտման համար վերցվել են ալկոհոլային խմիչքների նմուշներ և նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Եթե փորձաքննության արդյունքում հիմնավորվի, որ ընկերությունների կողմից արտադրվել են ոչ թե մրգային, այլ ցորենի օղիներ, ապա ընկերությունների կողմից պակաս վճարված պետական տուրքը կկազմի 30 միլիոն դրամ։ Բացի պակաս վճարված  տուրքի գումարներից, ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն, ենթակա է գանձման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու համար տուգանք 300 միլիոն դրամ՝ ցորենի օղի արտադրելու համար, միաժամանակ ենթակա է վերահաշվարկման ընկերության ակցիզային հարկի պարտավորությունների չափը: 

Ընկերությունները օղիների վաճառքը ձևակերպել են օրենքով նախատեսված նվազագույն գներից ցածր գներով, որի արդյունքում թաքցրել են իրական հարկվող օբյեկտները: Պարզվել է նաև, որ արտադրված ալկոհոլային խմիչքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով կատարվել են սխալ վերագրումներ, մասնավորապես՝ տարբեր տարողության օղիները դրոշմավորված էին գինու համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերով։ 


Պարզվել է նաև, որ ընկերություններից մեկը իր կողմից շշալցված արտադրանքը դրոշմավորել և իրացրել է մյուս ընկերության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերով։ 
 

Քաղաքականություն