Մեկ օրում հանրապետությունում տեղի է ունեցել 237 ՃՏՊ. ՆԳՆ մամուլի քարտուղար
Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։ Այս համատեքստում, ինչպես նաև, հաշվի առնելով եղանակային պայմանները, Պարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը ճանապարհներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը
«Միայն մեկ օրում՝ դեկտեմբերի 27-ին, պարեկները հանրապետությունում ստուգել են 1240 տրանսպորտային միջոցների անվադողեր, 129-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։
Դեկտեմբերի 27-ին հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 237 պատահար, որոնց հետևանքով զոհեր չկան։
Նշված պատահարների մասնակից 471 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 5-ի անվադողերն են եղել ամառային, իսկ 1-ինը՝ համասեզոնային։
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։
Խիստ վարչարարությունը շարունակվելու է»,- գրել է Սարգսյանը:





























