«Նաիրտի» աշխատողների չվճարված աշխատավարձերի խնդիրը լուծվում է

Կառավարությունը, ըստ ամենայնի, որոշել է վերջապես լուծել «Նաիրտի» աշխատողների չվճարված աշխատավարձերի խնդիրը։ Այս մասին հայտնի դարձավ կառավարության այսօրվա նիստում, որտեղ չզեկուցվող հարցերի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն առաջարկեց օրակարգի 26-րդ հարցն ընդունել վերապահումով, քանի որ դրանում կան տեխնիկական խմբագրման հարցեր։ 

Նշված նախագիծը փոխնախարարը բնորոշեց որպես «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի հետ կապված» հարց, թեև այն օրակարգում ներկայացված է որպես բյուջեում կատարվող փոփոխություն` «արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին»։ Ըստ նախագծի` «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ–ին հատկացվում է 285 953 600 դրամ` գործարանում «հրավտանգ նյութերի նկատմամբ 24 ժամ հսկողություն իրականացնելու նպատակով՝ կանխարգելելու համար հրդեհի կամ պայթյունի հնարավոր ռիսկերը և Երևան քաղաքում բնապահպանական խնդիրների առաջացման ռիսկերը»։ 
Այդուհանդերձ, փոխնախարարի հայտարարությունը հաստատեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Նախագիծն ընդունվեց միաձայն, առանց քննարկման ու զեկուցման։ 
 

Աշխատավարձերի մասին կառավարության կայքում այս պահին առկա նախագծում ոչ մի խոսք չկա։ Փոխարենը նշվում է, որ այն մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` վարչապետի 2021 թվականի մայիսի 25-ի հանձնարարականի համաձայն։ 
 

Քաղաքականություն