
Արցախի դատախազությունում քրգործ է հարուցվել՝ Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացումը հեշտացնելու գործով

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ գործը հարուցվել է փետրվարի 15-ին ներկայացված հաղորդման հիման վրա։
«Քրգործով միջոցներ են ձեռնարկվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը և ճանապարհը հստակեցնելու, մարտական գործողություններին ներգրավված ՊԲ զինծառայողներին ու աշխարհազորայիններին, նրանց հրամանատարական կազմը ճշտելու, վերոհիշյալ անձանց մարտական դիրքերը թողնելու հրաման տալու ուղղությամբ: Նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո կկատարվեն մի շարք հարցաքննություններ»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Հարուցված քրգործը նախաքննության համար ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե։
Միաժամանակ նշվում է, որ Արցախի իրավապահ մարմինները գործում են ծանրաբեռնվածության պայմաններում (2020թ. կատարված հանցագործությունների կապակցությամբ մինչդատական քրեական վարույթն իրականացվում է 2021թ.), որի պատճառով քրգործերով նախաքննությունը որոշակիորեն դանդաղ է ընթանում: