Թուրքիան Վրաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի. Էրդողան
Հունիսի 1-ին մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիայի Հանրապետություն: Վրաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարներն ու Աջարիայի կառավարության ղեկավարը: Անկարայում տեղի է ունեցել Ղարիբաշվիլիի և թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը, ապա շարունակվել է ընդարձակ ձևաչափով:
Հանդիպումներից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Թուրքիան Վրաստանի համար կարևոր բարեկամական երկիր է ու ռազմավարական գործընկեր: Թուրքիան եղել է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը, և մենք համատեղ իրականացրել ենք այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Կարս, Թբիլիսի-Էրզրումը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նախագահ էրդողանը մամուլի ասուլիսում Վրաստանն անվանել է «տարածաշրջանային համագործակցության բանալի»: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 14 տարի շարունակ հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը, և կողմերը մտադիր են ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով 3 միլիարդ դոլարի:
«Մենք հավատում ենք, որ կարող ենք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն և կբարձրացնեն մեր տարածաշրջանի նշանակությունն ու խաղաղությունը: Այս համատեքստում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք բոլոր տեսակի եռակողմ համագործակցություններին՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա: Մենք նաև որոշեցինք հնարավորինս արագ անցկացնել գերագույն ռազմավարական խորհրդի նիստ: Օգտագործելով առկա մեխանիզմները՝ մենք շարունակում ենք ամուր քայլեր ձեռնարկել», – ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված Վրաստանի խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով:Նրա խոսքով՝ «Թուրքիան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կազմակերպություններին»: Բոլոր մակարդակներում և հարթակներում հայտարարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին: Էրդողանի խոսքով ՝ «Թուրքիան նույնպես վճռականորեն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կազմակերպություններին»: