
Զինծառայողները գերեվարվել են, ոչ թե առևանգվել․ ՊՆ ներկայացուցիչը մանրամասնել է եղելությունը

Աշխատանքներ իրականացնող խումբն ավելի մեծ է եղել, սակայն գերեվարվել է նրանցից միայն 6-ը։ Այդ մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեր 6 զինվոր գերեվարվել են այսօր վաղ առավոտյան՝ Գեղարքունիքից։
«ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող»,- հայտարարել է ՊՆ-ն։
Ըստ Ասրյանի՝ գործողությունների կատարման անմիջական շրջանում գտնվել են չորս զինծառայողներ, որոնք խնդիր էին կատարում, իսկ մյուս երկու զինծառայողները կառավարման խմբից էին, մոտեցել էին բանակցություններ վարելու։ Պատկերացնում էին, որ հարցը կլուծեն այդ ճանապարհով, բայց հակառակորդը դավադրաբար մեր տարածքում՝ պետական սահմանից 800 մետր խորության վրա՝ գերեվարել է մեր զինծառայողներին։
Հարցին՝ «զինծառայողները գերեվարվե՞լ են, թե՞ առևանգվել», ԳՇ պետի տեղակալը նշեց՝ զինծառայողները գերեվարվել են՝ առևանգումը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում։
Նշենք, որ «առեւանգում» ձեւակերպումը շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանը։ «Գերեվարման հանգամանքները դեռ պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է՝ դա, ըստ էության, գերեվարում չէ։ Տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ցուցադրելով ՀՀ ՊՆ-ի կողմից հրապարակված քարտեզը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը հայտնեց է, որ հակառակորդին հաջողվել է ներթափանցել պաշտպանության խորքը։
Կութ, Նորաբակ, Ազատ բնակավայրերը գտնվում են գործողությունների շրջանից անմիջական շփման գծից 5-6 կմ հեռավորությունների վրա։
Մեկ ժամվա տվյալով՝ ստորաբաժանումները թևահար համապատասխան հենակետեր են տեղադրել։ Հակառակորդը եռակողմ գտնվում է շրջափակման մեջ և ունի մեկ սնուցման ճանապարհ, որը գալիս է Քարվաճառի շրջանից։