Վաղարշակ Հարությունյանի և Արտակ Դավթյանի պաշտոնանկության հարց չկա նախագահի օրակարգում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նախագահի աշխատակազմը մշտապես կապի մեջ է համապատասխան մարմինների ու գերատեսչությունների հետ։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Լրատվականը նախագահին էր դիմել այն դեպքից հետո, երբ Գեղարքունիքի մարզի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի և մեր զինծառայողների միջև տարաձայնություն էր եղել և տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցիները նվաստացնում էին հայ զինծառայողներին։

ՀՀ նախագահին խնդրել էինք գնահատել զինված ուժերի շուրջ ստեղծված իրավիճակը, տեղի ունեցող իրադարձություններ, մասնավորապես երբ հայ զինվորը ՀՀ տարածքում հակառակորդ երկրի զինվորների կողմից նվաստացվում է և մնում ։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ վերջինս հետևում է իրադարձություններին։

Նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք ՀՀ նախագահը պատրաստվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հարցը բարձրացնել, որին ի պատասխան հայտնում են.

«ՀՀ նախագահը կատարում և կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա սահմանադրական լիազորություններից։ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցի բարձրացումը դուրս է նախագահի սահմանադրական լիազորություններից»,-հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քաղաքականություն