
Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված է․ Փաշինյանը՝ կութեցիների հետ զրույցում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ ՓաշինյանԸ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է, որտեղից ուղիղ միացում էր ապահովել։
Նիկոլ Փաշինյանը զրուցում է գյուղացիների հետ։ Նրա խոսքով այս իրավիճակում ամենակարևորը համախմբվելն է. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ շանս ունի մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից, թե ներսում ինչ տարաձայնություններ կան, իրենց գործողությունների մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը։
Սա շատ կարևոր է։ Այս հարցին բավարար չափով ուշադրություն չենք դարձրել։ Մեր բոլոր զոհերի, գերեվարված հայրենակիցների ընտանիքները, բոլոր բնակիչները, բոլորս մի ընտանիք ենք և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվենք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա կարևորեց նաև սթափությունը, նկատելով, որ իրավիճակը նյարդային և հուզական է, սակայն պետք է չկորցնենք մեր սթափությունն ու հավասարակշռությունը, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի խոսքով չենք կարողանա իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և որոշումներ կայացնել։
«Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է։ Նման բան չի կարող լինել։ Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։