Ո՞ր երկրներն են մեզ բարեկամ և որոնք՝ ոչ․ հրապարակվել են հանրության շրջանում անցկացվածեն հարցման պատասխանները

Տարբեր տարիներին անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ տասնամյակների ընթացքում հայ հասարակության գիտակցության մեջ Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն և անփոփոխ գնահատվել է շատ բարձր մակարդակի վրա:

Այս մասին «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» խորագրով համաժողովի ընթացքում հայտնել է Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի  գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը:

 

«Հայաստանում 2006 թվականին անցկացված ազգային հարցման արդյունքում՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը մոտ 95 տոկոսը, Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում է՝ լավ: Համեմատության համար նշենք, որ 86 տոկոսը լավ է գնահատել Իրանի հետ հարաբերությունները, 85 տոկոսը՝  Եվրամիության, 67 տոկոսը ԱՄՆ-ի և 43 տոկոսը Վրաստանի հետ: Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները վատ են գնահատել հարցվածների 90-97 տոկոսը»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նույն արդյունքները ստացվել են 2007 և 2008 թվականների ուսումնասիրությունների ընթացքում:

 

Նրա խոսքով, 10 տարի անց՝ 2018-ից 2020-ին անցկացված ազգային հարցման արդյունքում՝  հարցվածների  կրկին ճնշող մեծամասնությունը ՝ 93 տոկոսը, լավ է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Իրանի, Չինաստանի և Վրաստանի հետ հարաբերությունները լավ են գնահատվել 93-94 տոկոսի կողմից, Եվրամիության հետ` 91 տոկոսի, ԱՄՆ-ի հետ` 88 տոկոսի կողմից: Ադրբեջանի և Թուրքիայի հետ վատ հարաբերությունները գնահատել են հարցվածների 98-99 տոկոսը: 

 

Ըստ սոցիոլոգի՝  ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը  հավանություն է տվել սոցիոլոգիական հարցումներին մասնակցողների 65,6 տոկոսը:  Հարցվածների 51,6 տոկոսը Հայաստանի համար նախապատվելի է համարել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կառուցումը, իսկ  19,5 տոկոսը՝ Եվրոպական Միության:

 

Միևնույն ժամանակ, հարցվածների 59 տոկոսը հարազատներ է ունեցել արտերկրում, որից 70 տոկոսը պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել Ռուսաստանից:

 

Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ անկախության 30 տարվա ընթացքում Հայաստանից աշխատանքային միգրանտները հիմնական հոսքը (մոտ 80 տոկոս) եղել է դեպի Ռուսաստան: