Մարդ, ում նախագահության օրոք Հայաստանում ժամացույցի պես աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանությունների մեխանիզմն էր․ Ալեքսանյան

Մի շարք լրատվամիջոցներ չգիտեն, թե որտեղ է այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, -ԱԺ նիստում ասաց «Իմ Քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

 

Նրա խոսքով՝ այդ մասին չգիտեն այն լրատվամիջոցները, որոնք Քոչարյանի ու նրա կլանի նեղ ընտանեկան տիրույթում չեն․«Ռոբերտ Քոչարյանին խնդրել են իրեն բնութագրել, ինքն իրեն բնութագրել է որպես «երկրի միակ տղամարդ»։ Այն խրոնիկ վախը, որ ազատ խոսքից ունի իրեն «երկրի միակ տղամարդ» հռչակած մարդը, այն խրոնիկ վախը, որ ունի այս անձնավորությունը իրեն ուղղվելիք ենթադրաբար անհարմար հարցերից, այն վախը, որ նա ունի, որ կարող է ինչ-որ լրագրող հարցնի՝ լավ, բա վերջը «Պապլավոկում» Պողոս Պողոսյանն ինչպե՞ս սպանվեց, այդ վախը նրան թույլ չի տալիս կանգնել ու լսել այն հարցերը, որ կտային ազատ լրատվամիջոցները»։

 

Ալեքսանյանի խոսքով՝ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ երկիրը պետք է մեխանիզմի նման  աշխատի․ «Սա ասել է մի մարդ, ում նախագահության օրոք ՀՀ-ում ժամացույցի պես աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանությունների մեխանիզմն էր»։

Տավուշի մարզում ընտրությունների ժամանակ ընտրատուփերը Աղստև գետը լցրած մարդը, նրա խոսքով, վստահեցնում է, որ ընտրակեղծիքներ չեն լինելու․ «Այս մարդը փորձում է մեզ նմանեցնել, նույնացնել իր հետ ու մեզ վերագրել ընտրակեղծիքներ՝ դրանով փորձելով ալիբի ստեղծել հետընտրական իր պատկերացրած պրոցեսների համար։ Ուզում եմ արձանագրենք, որ ընտրակեղծիքների մեջ մեզ մեղադրելը չունի բացարձակ ոչ մի հիմք, բացի այդ մարդու՝ գալիք պարտության վախից»։

Քաղաքականություն