Wizz Air-ի ինքնաթիռները սկսել են փոխել իրենց երթուղին՝ շրջանցելով Բելառուսի օդային տարածքը

Հունգարական Wizz Air ավիաընկերությունն այսօրվանից սկսել է փոփոխել ինքնաթիռների երթուղին՝ շրջանցելով Բելառուսի օդային տարածքը: Մասնավորապես, Կիև-Տալին թռիչքն իրականացվել է Լեհաստանի օդային տարածքով: Այս մասին են վկայում միջազգային օդային տրանսպորտի մշտադիտարկումն իրականացնող Flightradar ծառայության տվյալները, գրում է korrespondent.net-ը: 

Նշվում է՝ Կիևի Սիկորսկիի անվան միջազգային օդանավակայանից մեկնող ինքնաթիռը փոխել է Բելառուսի և Լեհաստանի օդային տարածքով անցնող ստանդարտ երթուղին: 

Ըստ տարբեր գնահատականների՝ թռիչքի ընդհանուր երկարությունը միջին հաշվով աճել է 30 տոկոսով: 

Հիշեցնենք, որ նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է: 

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Քաղաքականություն