Հրեաները ներողություն են խնդրել հարձակման ենթարկված հայ սպասավորներից

Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբեղա Հակոբյանի և Արբակ աբեղա Սարուխանյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» սփյուռքի բաժնի hayernaysor.am կայքը։ 

«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանն ու հայ համայնքին»,– նշված է հաղորդագրության մեջ: 
Ըստ կայքի` քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը: 
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երուսաղեմում մի խումբ հրեա ծայրահեղական երիտասարդներ հարձակվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Արբակ աբեղա Սարուխանյանի վրա։ Հարձակումը եղել է Սուրբ Հարության տաճարի ճանապարհին։ Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։ 
Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով արդար քննություն կատարել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքով՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար։ 



 

Քաղաքականություն