Հասարակություն

Առաջին դասարանցիների ընդունելության նոր կարգի նախնական արդյունքները. դպրոցները բեռնաթափվում են

Առաջին դասարանցիների ընդունելության նոր կարգի նախնական արդյունքները. դպրոցները բեռնաթափվում են

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացի կարևոր բաղադրիչ է երեխաների տվյալները նախապես ստուգելը: Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ 


«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ տվյալները ստուգելու հաջորդ փուլն արդեն երեխաներին գրանցելն է: Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ 

«Երեխայի, ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում, բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ պարզվի, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չտա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է այն նպատակով, որ զերծ մնանք չարաշահումներից»,- ասաց Արտակ Պողոսյանը: 

Արտակ Պողոսյանը հավաստիացնում է, որ թե տվյալների ստուգման, թե հայտագրվելու կայքերն անխափան աշխատել են, որևէ խնդիր չի եղել: Նա նկատեց, որ նախորդ տարի եղել են դպրոցներ, որտեղ 40 վայրկյան անց արդեն տեղերը սպառվել էին: Այդ հսկայական հոսքի դեպքում գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների: 

Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը դիմեց նման լուծման: Արտակ Պողոսյանի խոսքերով՝ նման գործընթացի նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտությունը: Նախ՝ այս համակարգով չկա որևէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանք: Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է, իրապե՞ս տեղ չկար, թե այդպես ասվում էր այլ ծանոթների երեխաներին տեղավորելու համար: Հիմա այս համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ: Դրանից բացի, լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս ի սկզբանե խախտել լիցենզավորմանը կարգը: 

Արտակ Պողոսյանը նկատեց, որ առաջին դասարանցիների ընդունելության այս նոր տարբերակն արդեն արդյունքներ է տալիս: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում կամ մյուս քաղաքային դպրոցներում կա գերծանրաբեռնված դպրոցների որոշակի բեռնաթափում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250