ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորում է չուղևորվել Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարությունը  մայիսի 18-ին արված հաղորդագրություններում  խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չուղեւորվել Հայաստան և Ադրբեջան: Հայաստանին վերաբերող հաղորդագրության մեջ նշվում է, որ պատճառը COVID 19-ի համաճարակն է: 

 

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) Հայաստանում COVID-19- ի մակարդակը գնահատում է 4-րդ սանդղակում, ինչն ըստ կենտրոնի՝ ամենաբարձ ցուցանիշն է: Կան սահմանափակումներ, որոնք ազդում են ԱՄՆ քաղաքացու՝ Հայաստան մուտքի վրա: 

Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և հարակից տարածքներ՝ վերջին ռազմական գործողությունների պատճառով: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ տվյալ տարածք մուտքը սահմանափակ է: 

 

Զգուշացեք Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներից: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախազգուշացման», - նշված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: 

 

Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում COVID 19 - ով վարակակիրների թվի աճ տեղի չի ունեցել, եթե համեմատենք վերջին շրջանում ՀՀ-ում վարակակիրների թվի հետ նույնիսկ վարակի տարածման նվազման միտում կա: 

 

«Վերջին մեկ ամսում մենք արդեն COVID-19 -ի կենտրոններ ենք փակում, վարակի տարածման նվազման միտում կա», - Auroranews-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հրիփսիմե Խաչատրյանը: 

 

Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարության այս հայտարարությունը տարածվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարման ֆոնին: 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր իր քաղաքացիներին՝ չգնալ Ղարաբաղ և Տավուշ:

 

 

Քաղաքականություն