Սադրանքների մեկնարկի օրն Ադրբեջանը հայտարարեց լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին, ինչը պատահականություն չէ. Փաշինյան

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում, ինչը հիմնավորող մի քանի փաստարկներ կան։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

«Այդ տեղանքներում Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների գտնվելը փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով, փորձելով այդ տարածքները ներկայացնել իբրև ադրբեջանական։ Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց ադրբեջանցիները։ Կարևոր է արձանագրել, որ սադրանքների մեկնարկի օրն Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին։ Սա չէր կարող զուտ պատահականություն լիներ։ Ըստ էության 15 հազարանոց զորքը դուրս է բերվում մշտական տեղակայման վայրերից։ Դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը։

 

Վերջինս ընդգծեց՝ Սև լիճը գտնվում է ՀՀ-ի հարավային կողմի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է։

 

«Վերլուծելով իրավիճակը՝ որոշում ենք կայացրել գործի դնել ՀՀ-ի անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները։ Այսինքն` եթե խնդիրը լիներ մեկ բլուրի վերաբերյալ Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը զեկուցել են, որ այդ առումով ռազմական որևէ խնդիր չկա և Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են արագ լուծել տեղային առումով հարցը, բայց քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ այստեղ գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքականություն