Փաշինյանը՝ սահմանային կետերի ճշգրտման մասին
Փաշինյանը այսօր ԱԺ նիստում, անդրադառնալով սահմանային որոշակի կետերի ճշգրտման հարցին, մասնավորապես ասաց.
«Դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ: Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իհարկե սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացում, ես ասել եմ այդ մասին ՌԴ մեր գործընկերներին, մենք, իհարկե, պատրաստ ենք, որովհետև հիմա մենք այդպիսի անհրաժեշտության առաջ կանգնած ենք, որպեսզի տեղանքում տեսնենք, թե մեր սահմանը որտեղով է անցնում և ինչ կետեր կան, ով ինչ կետեր կարող է զբաղեցնել: Մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ զորքերը և զինված ուժերը ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր»:
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն, ըստ էության, պատրաստ է այսպիսի լուծման:
«Սա նշանակում է, որ կլինի սահման կամ սահմանային կետերի շուրջ որոշակի պատկերացում, երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ զորքերը»,-ասաց նա ու նկատեց, որ դա կնշանակի բոլորովին այլ ռազմական-քաղաքական իրավիճակ:
Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ գործարկված են այնպիսի մեխանիզմներ, որոնք վստահություն են տալիս, որ այս ճանապարհով հնարավոր կլինի պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: