Քաղաքականություն

Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով. Արման Աբովյան

Unknown
Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով. Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց մայիսի 12-ին սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարությունը։

ԲՀԿ-ն առաջարկում է արտահերթ նիստում ընդունել այդ հայտարարությունը։

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«ՀՀ ԱԽ-ի նիստում արձանագրվել է, որ արդեն երրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է։ Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ-ի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ն որևիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը։

 

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը, ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ։

 

ԱԺ-ն՝ որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, հայտարարում է՝ ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և հայ ժողովրդին ու ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով։ Կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»,-նշեց Արման Աբովյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250