Անմեղ կալանավորված անձանց մասին շուրջ մեկուկես տարի է՝ նամակներ չեն ստացվել, Փաշինյանը խոսել է դատական համակարգի բարեփոխումներից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց, որ արդարադատության ոլորտում հեղափոխական փոփոխություններ են իրականացվել:

 

«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, իսկ այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը. բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում: Հայաստանի երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ կալանավորված եւ դատապարտված անձը ուտում է պետության տված հացը: Քրեակատարողական հիմնարկում պետության տված հաց ուտելը նշանակել է ինչ-որ անարժանապատիվ բան, որովհետեւ այդ տված հացն արժանապատիվ չի եղել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով նաեւ, որ եթե ժամանակին մարդիկ ՔԿՀ-ներում հերթով էին քնում, ապա այսօր չկա այդ խնդիրը:

 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, չհամաձայնելով այդ գնահատականների հետ, հիշեցրեց համակարգի թերությունների մասին: Մասնավորապես, Բաբաջանյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարություն, ԱԺ մուտք գործած խմբերի հետ կապված գործերի, ԱԺ նախագահի դեմ իրականացված հարձակման, Մարտի 1-ի գործի եւ այլնի մասին:

 

«Ես չեմ ասել, որ մեր դատական համակարգն անթերի է: Ես ասել եմ, որ տեղի են ունեցել խորքային փոփոխութուններ, որի շահառուն մարդիկ են՝ ՀՀ քաղաքացիները: Ինչքան ես գիտեմ, Կառավարություն ներխուժած քաղաքացիներից կալանավորված մարդիկ կան, ԱԺ նախագահի դեմ հարձակումն իրականացրած քաղաքացիներից էլ կալանավորված անձ կա, բայց ես ձեզ հետ կհամաձայնեմ այն առումով, որ քննության որակը բարձրացնելու անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Փաշինյանը:

 

Այս ամենի ֆոնին նա կարեւոր ձեռքբերում համարեց, որ անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում, ինչը, սակայն, ըստ Փաշինյանի, չի նշանակում, թե ամեն ինչ արված, ավարտված է: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ դատաիրավական բարեփոխումներ են արել, որոնց մի մասը նույնիսկ ուժի մեջ չի մտել:

 

«Ես չեմ կարծում, որ իմ ասածը պետք է ընկալվի այնպես, որ մենք հասել ենք կատարելության,  ես եկել եմ այն համոզման, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Մենք կարող էինք գնալ այն ճանապարհով, որ ով իշխանությանը թարս բառ ասեր՝ կալանքի տակ հայտնվեր: Ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Հայաստանում ընդդիմադիր մի գործիչ ամիսներով կալանավորվեց նրա համար, որ իր ելույթում ասել էր՝ հողը վառվելու է նրանց ոտքերի տակ»,- շարունակեց Փաշինյանը:

 

Նրա համոզմամբ՝ իրավական գնահատականը միշտ չի, որ քաղաքական գնահատականի հետ պետք է համընկնի, եւ դա է դատական համակարգի գոյության կարեւոր նախադրյալներից մեկը: «Եթե իրավական գնահատականը միշտ պետք է համընկնի քաղաքական գնահատականի հետ, ուրեմն անկախ դատական համակարգ չի կարող լինել»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը եւ շարունակեց. «Մեր ուզածն ի՞նչ է, որ մենք դատական որոշումներից երջանի՞կ լինենք: Եթե գործող իշխանությունը երջանիկ է դատական համակարգի որոշումներից, ուրեմն անկախ դատական համակարգ չկա, բայց մյուս կողմից պետք չի, որ դատական համակարգը գործող իշխանությանը դժբախտացնելը իր գործը եւ առաքելությունը համարի»:

 

Փաշինյանը այդ համակարգի բարեփոխման շատ կարեւոր նշան համարեց այն, որ եթե տարիներ առաջ իր ստացած նամակների 90 տոկոսը այս կամ այն անձի անմեղ կալանավորված լինելու մասին էին, իսկ շուրջ մեկուկես տարի է՝ նման նամակներ չի ստանում:

Քաղաքականություն