Մենք գնում ենք ընտրությունների՝ ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալու համար. ԱԽ քարտուղար
Մենք գնում ենք ընտրությունների՝ ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալու համար: Այս մասին Ազատության հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ կեղծ մեղադրանքներն իրենց հասցեին այնքան շատ են, որ անգամ պատերազմի հետ կապված հայտարարությունների մասով ստիպված են եղել սկզբում կեղծիքները հերքել, հետո արդեն առարկայական քննարկումներին անցնել:
«Շատերն ասում են, որ հուլիսյան դեպքերն են պատճառ հանդիսացել, որպեսզի սեպտեմբերի պատերազմը սկսվի. նախ այդ պատերազմի որոշումն ավելի շուտ է եղել և դա որոշակի չափով 2016 թվականի ապրիլին է արտահայտվել, բայց մի կարևոր բան էլ՝ հոկտեմբերին մեզ մոտ հետախուզական տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տվել, որ հունիսին արդեն Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել, իսկ սրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն ապրիլ-մայիսին Ադրբեջանում արդեն ռազմական գործողություն սկսելու որոշում է եղել»,- նշել է Գրիգորյանը:
Խոսելով իշխանականների այն խոստման մասին, որը տալիս էին մինչ ընտրվելը՝ «նախկինները պատժվելու են», սակայն դեռ չկա գոնե մեկ դատավճիռ, որը կատարում է այդ խոստումը, Գրիգորյանը նշեց՝ դատական բարեփոխումները որոշ չափով դանդաղել են և այն արդյունքները, որոնք ակնկալվում էր, դեռ չեն գրանցվել:
Հարցին, թե այն, ինչ տեղի է ունենում մարտի 1-ի դատավարության շրջանակներում, գոհացնո՞ղ է, վերջինս պատասխանեց. «Բնականաբար, չի գոհացնում, որովհետև հնարավորություն չի եղել նույնիսկ, որ դատական պրոցեսը տրամաբանական փուլ մտնի, հանրությունն ավելի կոնկրետ տեղեկանա, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել, արդարություն լինի, բայց նույնիսկ այս պայմաններում շարունակվում է այս գործընթացը և կարծում եմ, որ այն բարեփոխումները, որ տեղի են ունենում, իրենց ազդեցությունն են ունենալու»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով սպասվող ընտրություններին և ակնկալվող արդյունքներին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ակնկալում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ստանալ քվեների գերակշիռ մեծամասնությունը:
«Եթե նայեք սոցհարցման հրապարակված տվյալները, մոտավոր 35 տոկոսի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի, 3, 4, երբեմն 5 տոկոսի շրջանակներում, դրանից ավելի ցածր մնացած կուսակցությունները ունեն: Եկեք տեսնենք, դժվար գործ կլինի կանխատեսում կատարելը, բայց մենք գնում ենք ընտրությունների ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալու համար:
Երբ որ դու ժողովրդավար ես լինում, հեղաշրջումներ, ցանկացած այլ բաներ տեղի չեն ունենա, ինչպես նշեցի, 1998 թվականը շատ վառ օրինակ է մեր համար: Ինչո՞ւ 1998 թվականին մի քանի ուժային կարողանում են մեկ հոգու ստիպել հրաժարական տալ և իշխանություն վերցնել, 2020-21 թվականին էլիտար բունտ է տեղի ունենում և չի հաջողվում որևիցե բան անել: Ամբողջ կայունության աղբյուրը հիմնականում եղել է ժողովուրդը, 2020-ի ծանր փուլից հետո ժողովուրդը կարողացել է կայունություն ապահովել: Հստակ բան ասեմ, եթե ժողովուրդը դուրս գար փողոց, իշխանափոխություն տեղի էր ունենալու, բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել և նախկինների, նույնիսկ ուժային կառույցների բունտից հետո ընդհանուր համակարգը կայունություն է պահպանել, ինչքան էլ ասեն՝ համակարգ չի եղել, բայց կայունություն է պահպանվել, և մենք հասել ենք ընտրությունների, սա ֆունդամենտալ կարևոր հարց է: Մի քանի հոգի ինչքան էլ ռեսուրսներ ունեն, ինչքան էլ փող ունեն, ինչքան էլ աջակցություն ունեն տարբեր տեղերից, չեն կարողացել, չեն կարողացել Հայաստանում իշխանափոխություն իրականացնել»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե ովքեր էին այդ մարդիկ, օրինակ Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը՝ վերջինս պատասխանեց, որ շատ մարդիկ են եղել: «Ձեր թվարկածներն են եղել, բայց Ձեր աչքի առաջ է եղել, 17-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը, շատերն են ցանկացել նման բան, բայց դա տեղի չի ունեցել զուտ մեկ պատճառով, որովհետև հանրությունը թույլ չի տվել, կայունություն է պահպանվել համակարգի համար»: