Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից հետո ներքաղաքական կյանքը խաղաղվել է. Էդմոն Մարուքյան

Այն պահից ի վեր, երբ խորհրդարանական ուժերի միջև կնքվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, ներքաղաքական կյանքը խաղաղվել է, բայց այն հարաբերական է, սակայն արտահերթ ընտրությունների հետ կապված ուղերձը բոլոր քաղաքական ուժերին այն է, որ բոլորով գնում ենք, որ տեսնենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչ են որոշելու, և ըստ Սահմանադրության՝  իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով՝ արտահերթ ընտրությունների կազմակերպումից զատ իրավիճակի որևէ այլ հանգուցալուծում չի եղել, և ուժերը ստիպված են եղել այս խորհրդարանը արձակելու գործընթացը մեկնարկել: «Բոլոր այն բարքերը, որոնք եղել են նախկին ժամանակաշրջանում, պետք է թույլ չտանք, որ առկա լինեն, և այդ ամենը թույլ չտալու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, իսկ ընդդիմությունը իր ձեռքից եկածը անելու է, որ իր ունեցած տվյալներով և մեխանիզմներով  իր տեղում նույնպես թույլ չտա, որ ընտրությունների պրոցեսը որևէ ձևով խաթարվի, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ էության, գործում են և որևէ շեղում չի եղել՝ խորհրդարանի արձակման հետ կապված, և այս նույն գործընթացը մենք ունենալու ենք ևս մեկ անգամ»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա նաև կոչ արեց արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերին, որ ձեռնարկեն հնարավոր միջոցները՝ ատելության խոսքը բացառելու համար: «Ատելության խոսքը, հայհոյանքը, սպառնալից խոսքը, ուժի գործադրման սպառնալիքով խոսքը և ընդհանրապես ցանկացած ձևակերպում, որը քարոզարշավի ժամանակ կարող է բռնություն կամ բռնության որևէ դեպքի բերել, դա բացառենք և արձանագրենք՝ քաղաքական միավորներն ատելության խոսք չեն օգտագործելու, որպեսզի կարողանանք առանց ցնցումների ձևավորել հաջորդ խորհրդարանը, որը պետք է Հայաստանը այս կարգավիճակից հանի»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համար։ Նշենք, որ դրանից հետո ԱԺ–ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի։

Քաղաքականություն