Տիկին Դավոյանը լավ կաներ իր բառերն ու ձևակերպումներն ավելի ճիշտ ընտրեր. պատգամավորը՝ Արփի Դավոյանի արտահայտությունների մասին

 Տիկին Դավոյանը լավ կաներ իր բառերն ու ձևակերպումներն ավելի ճիշտ ընտրեր։ Այսպես պատասխանեց լրագրողների հարցին անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ: Քաղաքացիների մի խումբ հայհոյել էին վարչապետին և պահանջել, որ հեռանա մարզից: Այդ ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «ֆակտոր» լրատվական կայքի լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ Սյունիքում ուղղորդված սադրիչ գործողություններ են կատարվում և, որ  Մեղրիի քաղաքապետն այնտեղ մոտ 30 հոգանոց բանդա է պահում։ Արփի Դավոյանը կարծիք էր հայտնել, որ նրանք վախի մթնոլորտ էին ստեղծել և քաղաքացիներին թույլ չէին տվել մոտենալ վարչապետին: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետն  ի պատասխան իրեն ուղղված վիրավորանքների ու հայհոյանքների, նշել է, թե այդ հարցն էլ են կարգավորելու,  պատգամավորն ասել էր, թե՝ «Այո՛, ճիշտ էր այդպես ասելը: Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչեր են արել, և շատ լավ գիտեն, թե այսօր ինչ են անում, այո՛, նրանք անպատիժ չեն մնա»:

Աժ անկախ պատգամավորն էլ՝ ի պաշտպանություն սյունեցիների ակցիայի ժամանակ անդրադառնալով Արփի Դավոյանի տվյալ հայտարարությանը շեշտեց, որ ԱԺ պատգամավորը չպետք է որոշի , թե ով պետք է պատժվի, ով՝ ոչ։ 

«Տիկին Դավոյանը Քննչական կոմիտե է, ԱԱԾ ներկայացուցիչ է, ինչ է, որ ինքը որոշի ով պատժվի։ Ի վերջո ԱԺ պատգամավորը, հանրային գործիչը կարո՞ղ է արժևորել իր խոսքը,  խոսելիս էլ մտածի, թե ինչ է խոսում։ Ես կարծում եմ, որ եթե որևէ մեկը հանցանք է գործել,  պետք է պատժվի, բայց նաև կարծում եմ, որ վստահաբար տիկին Դավոյանը չպետք է որոշի այդ հարցը»,-եզրափակեց ԱԺ անկախ պատգամավորը։   

Քաղաքականություն