Մեղրիի քաղաքապետը «փրկել է» «Իմ քայլի» պատգամավորին. ArmDaily

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում։ Քիչ առաջ նա Մեղրիի խոշորացված համայնքի Ագարակ քաղաքում էր, որտեղ բնակչությունը ցույցի էր դուրս եկել և վանկարկում էր «Նիկոլ դավաճան, «Նիկոլ հեռացիր» ու այլ բնույթի վանկարկումներ։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը պատմեց, որ տեղեկացված չի եղել Նիկոլ Փաշինյանի այցելության ու նպատակների մասին։ Նա ասաց, որ Փաշինյանը Ագարակում գտնվող զորամաս է այցելել ու այդտեղից լուրը արագ տարածվել է, որ վարչապետը Ագարակում է։ 
«Եկավ մտավ զորամաս, Ագարակ քաղաքում է զորամասը՝ Մեղրիում չի, հետո դուրս է եկել, Ագարակի հրապարակ էր ուզում գնալ, այնտեղից էլ զոհվածների գերեզման։ Սակայն, մարդիկ հավաքվել են ու փակել նրա ճանապարհը։ Ինձ պատմել են, որ հարցադրումներ են քաղաքացիների կողմից հնչել Փաշինյանին՝ Ալիևի երեկվա հայտարարության վերաբերյալ՝ Զանգեզուրը գրավելու մասին, ես այնտեղ չեմ եղել այդ պահին, երևի լավ չի պատասխանել, մարդիկ էլ բորբոքվել են։ Անկեղծ ասած, Ալիևի երեկվա հայտարարությունից հետո համայնքում բնակչության շրջանում անհանգստություն կա, լարված վիճակ է իրականում»,-ասաց Մեղրիի քաղաքապետը։ 

Նա նշեց, որ վարչապետից հոդաբաշխ բացատրություն են բնակիչները ակնկալել Ալիևի հայտարարության հետ կապված, սակայն պատասխանի փոխարեն լսել են՝ «կապիտուլյանտը դուք եք» և նման տիպի այլ արտահայտություններ։ 

ArmDaily.am-ի հարցին, արդյոք վարչապետին սատարողներ չեն եղել, քաղաքապետը նշեց, որ միգուցե կլինեին, սակայն բողոքող մարդիկ ավելի շատ էին. «Գիտեք, գաղթական դառնալու հեռանկարը, ես ինքս էլ որպես մեղրեցի՝ աչքներիս առաջ է։ Անկեղծ կուզեմ սխալվեմ, կուզեմ պարզվի, որ ավելորդ էր մեր անհանգստությունը, բայց մեր պապերը հազար տարի այս հողը պահել են ավելի վատ պայմաններում, հիմա մեջներից ստացվում է «բեդովլաթ» սերունդը մենք ենք դուրս գալիս, ստացվում է, որ հողերը կարող ենք տալ, որովհետև այն միջանցքը, որը «կիրթ» կոլեգան է ուզում այդ ֆորմատով, դա մեր անկախության վերջն է։ Եթե մեր տարածքով կարող են գալ մտնել առանց մեր պետության հայեցակարգերը պահելու՝ ստացվում է մեր սուվերենության վերջն է։ Էնտեղ մեկն ասում է, որ ես եմ բողոքի ցույցը կազմակերպել, այսինքն ես չլինեի, իրենք մտածում են, որ մեր ժողովուրդը հարմարվելո՞ւ էր այս մտքին»։ 

Մեղրիի քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ Ագարակից Մեղրի գնացող միջպետական ճանապարահի՝ Իրան-Հայաստանը կապն ապահովող Մ2 ճանապարհի վրա սրճարան կա, որտեղ Փաշծինյանը ճաշելու է մտել 1.5 ժամ ու ողջ ընթացքում մեկ ու կես ժամ միջպետական ճանապարհը փակ են պահել։ Իրանից եկած բեռնատարարեը, զինվորական մեքենաները ստիպված կանգնել են ճանապարհի վրա։ 

Զաքարյանը հերքեց նաև այն լուրերը, որ ինքն է կազմակերպել այդ բողոքի ակցիան. Հերքեց նաեւ տեղեկությունները, թե ցույցի մասնակիցները ՀՀԿ-ի կամ Քոչարյանի աջակիցներն էին։ 

«Այդ մարդիկ ընդհանրապես Քոչարյանի հետ կապ չունեն։ Որ գաք այստեղ շրջեք՝ այդ մթնոլորտը կհասկանաք, ինչ ուզում են կարող են գրել՝ իբր նախկիներն են, թալանչիներն են, մեր ժողովրդին հիմա չի հետաքրքրում, մենք ուզում ենք վստահություն, որ գաղթական չենք դառնալու։ Իմ մասին գրում են դասալիք, բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել։ ինձ լուր տվեցին, որ Ագարակի զորամաս է գնացել, հետո դուրս է եկել, քաշքշուկ է առաջացել։ Ես այդպիսի անվտանգության կազմ չեմ տեսել՝ 12 տարի է՝ համայնքի ղեկավար եմ ու նման բան չեմ տեսել։ Ի նկատի ունեմ քանակը, և տեղակալ և իր հետ բերած դիմակներով, էլ Հատուկ նշանակության ստորաբաժանում։ Այնքան լավ կլիներ, որ մեր սահմաններն էլ այդպիսի ջանադիրությամբ պաշտապանեին»,-ասաց վերջին Արցախյան պատերազմում վիրավորում ստացած Մեղրիի քաղաքապետը։ 

Նա նշեց, որ բողոքի ցույցին մասնակցում էին Արցախյան վերջին պատերազմին մարտնչած մեղրեցիներից շատերը։ Զաքարյանը նշեց, որ բնակիչներն այդպես էլ թույլ չեն տվել նույնիսկ գերեզմանատանը մոտենալ։ Փաշինյանը ցանկացել է մտնել գերեզմանատուն և այցելել պատերազմում զոհվածների գերեզմաններ։ 

«Ես այդ պահին այնտեղ էի, աշխատում էի հանգստացել։ Սիսիանցի մի նախկին՝ «Բարգավաճով» մարզպետ ունեինք, հիմա «Իմ քայլով» պատգամավոր է, նա փորձեց գոռգռալ, իրեն հազիվ կարողացել եմ ազատել, իր փոխարեն հարված եմ ընդունել, որովհետև կարող էր այդ հարվածն իր համար վատ հետևանք ունենալ՝ չէի ուզի։ Ախր ինքն էլ ասել էր՝ սյունեցին խնդիր չունի, թուրքի հետ կարող է ապրի, ինքն էլ սկսել էր գոռգռալ, ասել էր, որ նման բան չի ասել, մարդիկ էլ մտածել էին հայհոյում է, այդպիսի փոքր բախում եղավ»,-տեղեկացրեց Զաքարյանը։

Քաղաքականություն