
Սյունիքի մարզպետը և համայնքի ղեկավարները տեղյակ չեն Նիկոլ Փաշինյանի այցի մասին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին: Այս մասին Պողոսյանը ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել առ այն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր գաղտնի այցելել Սյունիքի մարզ ու նրա ավտոշարասյունն արդեն անցել է Արտաշատը, իսկ «սպեցնազի» մեծաքանակ զորքերը հասել են Վայք, որպեսզի ուժի գործադրմամբ բացեն ճանապարհը, եթե սյունեցիները կրկին որոշեն չթողնել Փաշինյանին մուտք գործել Սյունիքի մարզ։
Սյունիքի մարզպետը հավաստիացրեց, թե ոչ մի փաստաթուղթ, կամ որևէ տեղեկատվություն Փաշինյանի հնարավոր այցի մասին չի ստացել։ Այդ այցի մասին տեղյակ չեն նաեւ Կապան և Մեղրի համայնքի ղեկավարներ` Գևորգ Փարսյանը և Մխիթար Զաքարյանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում համայնքների ղեկավարները նշեցին, որ այցի մասին տեղեկատվություն չունեն:
Հարցին, արդյոք Մեղրիի համայնքի ղեկավարը կհանդիպի Փաշինյանի հետ, եթե վերջինս այցելի. Զաքարյանն ասաց. «Եկեք եթեներով հարցերին ես չպատասխանեմ»: