Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով. քաղաքապետ

Երևանն այս պահին ավելի շատ ավտոմեքենաների քաղաք է, քան թե հետիոտնի: Այս մասին ավագանու այսօրվա նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը

«Իմ մոտ տպավորությունն է, որ մենք մեր քաղաքը հանձնել ենք ավտոմեքենաների, ոնց կարում են, ամեն օր բոլոր մայթերը գրավում են, ու մենք էլ հարմարվելով, մանկական սայլակը մի կերպ գրկել–անցկացնելով, մյուսը մեքենաների արանքները անցնելով՝ Կասկադից մինչև Արշակունյանց պողոտա»,-ասաց նա: 

Քաղաքապետը պատասխանեց, որ խնդրի ընդհանրական լուծումը տրանսպորտային ցանցի ընդլայնումն է, որպեսզի խթանեն մարդկանց տրանսպորտով երթևեկելը: Նա նշեց, որ վարորդներին առաջարկվելու է նաև կենտրոն գալ, ոչ թե մեքենայով, այլ տրանսպորտով:

 

«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով, չպետք է թույլ տանք երկրորդ շարք կանգնել, կամ Շահումյանի հրապարակում կանգնել, այսինքն՝ խախտում անել չպետք է թույլ տանք: Ինձ համար շատ ցավոտ է ամեն օր կենտրոնում տեսնել, որ երեխայի հետ սայլակով մայրիկը իր երեխայի հետ չի կարողանում մայթով անցնել, որովհետև մեկը որոշել է, որ իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճված լինեն մայթին և այդ մեքենան պետք է վերցնել և ուղիղ տանել տուգանային հրապարակ, առանց քննարկման, և մեծ տուգանքով պատժել այդ մարդուն, և ուզում եմ նշել, որ ճանապարհային ոստիկանությունն այդ հզորությունները չունի շատ քիչ քարշակ ունեն, մի քանի հատ ձեռք են բերել բայց, միևնույն է, չեն հասցնում»,- ասաց Մարությանը:  

Քաղաքականություն