«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանը

Մարդկանցից 44 օր ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել, ֆեյսբուքյան էջում մեկնաբանելով ՊԲ-ի հերքումը՝ գրել է Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտի մորաքույր Հասմիկ Մարտիրոյանը:

Հիշեցնենք, որ Հասմիկ Մարտիրոյանն հայտնել էր, որ պատերազմում զոհված իր զարմիկի մեդալն զոհվածի հորը տաքսու վարորդ է փոխանցել: ՊԲ-ից էլ հերքել էին տեղեկությունը՝ նշելով, որ մեդալը զոհի հարազատին հանձնել է լեյտենանտ Էդգար Ապրեսյանը:

Հասմիկ Մարտիրոյանը զոհի հոր խնդրանքով իր էջում փոխանցել է նրա խոսքերը:

«Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:
Հերքումը տեսնելուց հետո, ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։

Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․

«Մարտի 6-ին՝ գիշերը ժամը 23։30-ին, Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ որ բերել ես, թող երեխու գերեզմանոցում, գնա»։

Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողը, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։ 
Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:

Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար, նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկությունը», - ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայողի մորաքույրը:

Քաղաքականություն