Երեւանի քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել. Կարապետյանը՝ ծառահատումների մասին

Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով Արաբկիրում՝ Բաղրամյան 79 հասցեում նախօրեին տեղի ունեցած ծառահատումների թեմայի վերաբերյալ քննարկումները: 
Կարապետյանի գրառումը՝ստորև. 

«Խնդրո առարկա տարածքը մասնավորեցվել է տարիներ առաջ: 
Դեռ 2008 թվականին տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, որի հիման վրա, սակայն, երբեւէ շինթույլտվություն չի տրվել: 
Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: 
Սույնի վերաբերյալ, ի դեպ, տարակուսանք է հարուցում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որը թյուրընկալման տեղիք կարող է տալ: 
Տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը, ըստ «168 ժամ» պարբերականի հրապարակման, մասնավորապես ասում է, որ «խնդիրը հիմնականում Բնապահպանության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցության բացակայության հետևանքն է։ Երևանի քաղաքապետարանը տալիս է շինթույլտվություն, որտեղ կան կենսունակ ծառեր, որի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչությունը տեղեկացված չի լինում»։ 
Կրկնում ենք՝ Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է շատ տարիներ առաջ (լրագրող գործընկերները կարող են Կադաստրի պետական կոմիտեից պարզել տվյալ տարածքի օտարման հանգամանքները»: 

 

Քաղաքականություն