Եթե ՍՈՒ-երը, կամ ավելի ժամանակակից սպառազինություն մի քիչ ավելի շուտ գնեինք, կհասցնեինք նաեւ հրթիռները գնել. պատգամավոր

Երբ 25 տարի շարունակ հակամարտող երկու պետություններից մեկը ունենալով նավթադոլարներ, ունենալով անհամեմատ մեծ բյուջե, զինել է իր բանակը, իսկ ՀՀ-ում փաստացի տեղի է ունեցել բանակի թալան, բնականաբար, այդ 25 տարիների արդյունքում գալու էր, հասնելու էր ուժերի անհամադրելիության այնպիսի մի աստիճան, որը բեկել այս 2,5 տարում մեզ, ցավոք, չի հաջողվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այո, գուցե մենք մեղավոր ենք, որ չի հաջողվել բեկել այդ հարաբերակցությունը»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ գործող իշխանությունը ՍՈՒ ինքնաթիռներ էր գնում, որոնց հրթիռները պատերազմի ժամանակ չաշխատեցին, Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե ՍՈՒ-երը, կամ ավելի ժամանակակից սպառազինություն մի քիչ ավելի շուտ գնեինք, կհասցնեինք նաեւ հրթիռները գնել»:

Հարցին, թե ով է մեղավոր Արցախի մեծ մասը կորցնելու, 5 հազարից ավելի զոհ ունենալու մեջ, նա պատասխանեց. «Բնականաբար, հիմնական մեղքի բաժինն այն մարդկանցն է, որոնք 25 տարի շարունակ, առանց մի գրամ խղճի խայթի թալանել են»:

Հարցին, թե ներկայիս իշխանությունները մեղավո՞ր չեն, նա ասաց. «Ներկայիս իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2,5 տարում չի կարողացել բեկել ուժերի այն հարաբերակցությունը, որը ձևավորվել է նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»: