Զոհված զինծառայողների մարմինները Ստեփանակերտից տեղափոխելու համար անհրաժեշտ է ոստիկանների ուղեկցությունը

Արցախից -Գորիս ավտոճանապարհն այլեւս անվտանգ չէ անգամ աճյուններ տեղափոխող ավտոմեքենաների համար։ Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է՝ ճանապարհների անվտանգությունը երաշխավորված չէ։ 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ստեփանակերտից աճյուններ տեղափոխող ավտոմեքենան հարձակման է ենթարկվել, ադրբեջանցիները քարերով հարվածել, կոտրել են ապակիները։ 

Քաղաքապետի տեղակալը պատմեց, որ վարորդն ուշ ժամի է հասել Ստեփանակերտի դիահերձարան, վերցրել մարմինները ու հետ գալու ճանապարհին խնդիրների բախվել։ 
«Այն մեքենաներից մեկն էր, որ պատերազմի առաջին իսկ օրերից մեր զոհվածների մարմինները տեղափոխում էր Ստեփանակերտից։ Վարորդը պատերազմի ամենադաժան օրերից և Շուշիում է եղել, և Ստեփանակերտում։ Ինքը ճանապարհներին ծանոթ է, իր պահվածքն է ճիշտ, ամեն ինչին իդեալական տիրապետում է, դա պատահական մարդու հետ տեղի չի ունեցել։ Դեպքը եղել է մի մարդու հետ, ով գրեթե ամեն օր գնում-գալիս է»,- ասաց Մ.Հովսեփյանը՝ նշելով, որ այս դեպքը եւս ապացուցում է, որ ճանապարհներին անվտանգությունը երաշխավորված չէ։ 

Նրա փոխանցմամբ՝ վարորդը միայնակ է եղել։ Մտահոգվելու առիթ շատ կա, որ թշնամին միայն քար նետելով չի սահմանափակվի։ Քաղաքապետարանից ի սկզբանե առաջարկել են, որ վարորդները վտանգավոր ճանապարհը զինված երթևեկեն, բայց քանի որ արգելվում է զենք կրել, ստիպված են առանց անվտանգության երաշխիքների երթևեկել։ 
«Մենք, երևի, կդիմենք ոստիկանությանը, որ զոհված զինծառայողների մարմինները Ստեփանակերտից Գորիս տեղափոխելու համար ուղեկցեն վարորդներին»։ 

Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ վարորդը «պինդ» տղա է, բայց փաստն են արձանագրում, որ նրա փոխարեն նույն դեպքը կարող էր լինել, օրինակ, իր ընտանիքի հետ երթեւեկող քաղաքացու հետ ։