
ՀՔԾ-ի լիազորությունների մի մասը գաղտագողի են փոխանցվել ԱԱԾ-ին․ Դ․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՔԾ-ի լիազորությունների մի մասը գաղտագողի են փոխանցվել ԱԱԾ-ին
Օրերս Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը՝ հարակից փաթեթով, որով, ի թիվս այլի, ցրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությունը: Այս պրոցեսը, սակայն, նախապես բոլորովին այլ կերպ էր պլանավորված ու այլ կերպ էր ընթանում:
2019 թվականին ընդունված՝ Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությամբ սահմանվեց, որ ՀՔԾ-ն կպահպանի խոշտանգումների, ինչպես նաև պաշտոնյաների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ (բացառությամբ կոռուպցիոն հանցագործությունների) նախաքննության իրականացման գործառույթը»:
Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը ՀՔԾ-ից պետք է փոխանցվեր Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ պաշտոնյաների կատարած այլ հանցագործությունների քննությունը մնար ՀՔԾ գործառույթներում: Ավելին, ռազմավարությամբ նախատեսված էր նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարել ու դրա հաստիքները և գործիքակազմը փոխանցել ՀՔԾ-ին, ՔԿ-ին և Հակակոռուպցիոն կոմիտեին:
Ամբողջությամբ նույնը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել էր 2019 թվականի օգոստոսի 30-ին կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին: Նույն տրամաբանությունը դրվել էր «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծում, որը այդ տեսքով անցել էր հանրային քննարկումներ, դրվել էր e-draft-ում ու առաջին ընթերցմամբ ընդունվել խորհրդարանում:
Այս տարվա փետրվարի 16-ին կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիտում ներկայացված փաթեթում ևս որևէ խոսք չկար ՀՔԾ-ի լուծարման մասին: Նման գաղափար բաանվոր հնչեցվեց (առանց ԱԱԾ-ին գործառույթները փոխանցելու մասի), բայց իմ առարկություններից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում քննարկել այս հարցը:
Բայց առաջինից երկրորդ ընթերցում ճանապարհին, ի հեճուկս վերոնիշյալ պայմանավորվածության ու կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության, առանց հանրային քննարկումների, մարտի 18-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, իսկ դրա՝ պաշտոնյաների ոչ կոռուպցիոն հանցագործությունների քննության լիազորությունը փոխանցվելու է ԱԱԾ-ին: ՀՔԾ-ի լուծարման նախագիծը նաև չկար Ազգային ժողովի Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի էջում և հրապարակվեց ավելի ուշ:
Այսպիսով, ՀՔԾ-ի լուծարման ու դրա գործառույթների մնացած մասը ԱԱԾ-ին փոխանցելու մասին հանրությանը հայտնի է դարձել ԱԺ-ում դրա վերջնական ընդունումից 4 աշխատանքային օր առաջ:
Նման գաղտագողի մոտեցումը էապես հակասում է ժողովրդավարական հասարակությունում որոշումների ընդունման տրամաբանությանը, կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը և իշխանություն-հանրություն հարաբերությունների տրամաբանությանը:
Իսկ բովանդակային առումով այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոռուպցիոն գործերը քննվեն քաղաքացիական վերահսկողությունից դուրս գտնվող ԱԱԾ-ում: Մեխանիզմ, որը շատ հարմար մահակ է պաշտոնյաներին վերահսկելու համար: Հակառակ պարագայում ՀՔԾ այդ գործառույթները կարելի էր գոնե փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին, որն առավել թափանցիկ է գործելու»: