Վրաստանից Բուլղարիա գնացող ինտերնետային մալուխը հանձնվեց ադրբեջանական ընկերությանը

Վերջին գործարքի արդյունքում ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձավ «Caucasus Online» պրովայդերի 100% սեփականատերը:

«Caucasus Online» ինտերնետային հաղորդակցության հիմնական ալիքի սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (51%) վաճառել է ադրբեջանական «Nexol Holding» ընկերությանը: Տեղեկությունը հայտնում է businessformula–ն։

Բաժնետոմսերի 49% -ը դեռ 2019-ին էր անցել ադրբեջանական ընկերությանը: Գործարքը չէր համաձայնեցվել Կապի ազգային հանձնաժողովի հետ, ուստի կարգավորիչը մի քանի անգամ խնդրել էր ընկերությանը բաժնետոմսերը վերադարձնել սկզբնական վիճակին:

Այսպիսով, վերջին գործարքի արդյունքում ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձել է «Caucasus Online»-ի 100% սեփականատերը:

Ու այս դեպքում նույնպես գործարքը չի հաստատվել ազգային հանձնաժողովի կողմից: Ըստ այդմ, հանձնաժողովը Հասանովին համարում է «Caucasus Online»-ի անօրինական սեփականատեր:

Անցյալ ամառ «Հաղորդակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո հանձնաժողովը նշանակել էր ընկերության հատուկ կառավարիչ, չնայած դատարանը ժամանակավորապես կասեցրել էր կառավարչի լիազորությունները:

Վրացական «Caucasus Online» ընկերությունը օպտիկական մալուխի օպերատոր է: Մալուխը Սև ծովի հատակով Վրաստանից հասնում է Բուլղարիա: Դա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև համացանցային հաղորդակցության ամենախոշոր ալիքն է:

Տարբեր գնահատականներով` այժմ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի շուրջ 80% -ը: Դրանից բացի, Հայաստանն օգտվում է նաև Ռուսաստանի երկու մալուխներից. մեկը՝ Սև ծովով անցնող, մյուսը՝ ցամաքային: Ցանցային հաղորդակցության 20%-ը բաժին է ընկնում Իրանով անցնող մալուխներին:

Հայաստանյան ինտերնետ-օպերատորները հանդես են գալիս որպես տարանցողներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս`նաև Կատար։

 

Պատահարներ