
Մենք մեր խղճի հետ համերաշխ ենք, ամեն ինչ արել ենք մաքուր. Մեղրիի քաղաքապետը՝ ՊՎԾ ստուգումների մասին

Հանձնարարագիրը ստացել են, եկել են ստուգման։ Մենք խնդիր չենք տեսնում, բարով են եկել, մենք էլ ենք ուզում իմանալ՝ որտեղ ենք թերացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն՝ անդրադառնալով Սյունիքի որոշ համայնքապետարաններում Պետական վերահսկողական ծառայության այսօր սկսած ստուգումներին։
Մեղրիի քաղաքապետարանում ՊՎԾ–ի ստուգումների թիրախում 2016 թվականից մինչեւ այսօր իրականացված աշխատանքներն են։ Դրանք, ըստ Մխիթար Զաքարյանի՝ կտեւեն մեկ ամիս, ինչից հետո ինքը դրանց արդյունքների մասին անպայման կտեղեկացնի։
Հարցին, թե տարօրինակ չի՞ համարում ՊՎԾ–ի ստուգումները հենց այս շրջանում սկսելը, հաշվի առնելով, որ օրեր առաջ Սյունիքի որոշ համայնքապետեր հայտարարեցին «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին, Մեղրիի քաղաքապետն արձագանքեց.
«Պատահականություններին այդքան էլ հակված չեմ հավատալ, բայց անմեղության կանխավարկածը չխախտենք, մարդիկ են, որոնք հանձնարարագիր են ստացել եւ ստուգման եկել։ Իրականում մենք ուրախ ենք, հենց այնպես չեմ ասում սա, որովհետեւ ես էլ կուզենամ իմանալ, թե խոշորացված համայնքը այս 4 տարում որտեղ է թերացել։ Մենք մեր խղճի հետ համերաշխ ենք, ամեն ինչ արել ենք մաքուր, մնացածը ստուգումը ցույց կտա»։
Մեղրիի համայնքապետը հավելեց, որ ստուգումներ են սկսվել նաեւ Գորիսում, Կապանում եւ Սիսիանում։