ԵՊՀ-ում առողջ վիճակ չէ, բայց անկառավարելի չէ. նախարար

Այսօր՝ մարտի 24-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ ԵՊՀ-ն այս պահին չունի հոգաբարձուների խորհրդի նախագահ, չունի ռեկտոր, և ժամանակավոր պատասխանատուի պաշտոնավարումն էլ վիճարկված է. «Փաստորեն համալսարանը շարժվում է անհեռանկար ուղղությամբ: Նպատակը որն է` իսպառ քանդե՞լ բուհը»: 

Պատգամավորը նաև նշեց, թե ենթադրվում է, որ ԵՊՀ-ն պիտի ունենա ռազմավարական զարգացման պլան, որն առնվազն կարտացոլեր, թե դեպի ուր  է շարժվում համալսարանը, բայց դա փաստացի չկա և անհեռանկար ուղղությամբ է շարժվում ԵՊՀ-ն: «Սա նշանակում է, որ ԲՈւՀ-ում բացարձակ անկառավարելիություն է տիրում, կառավարում գոյություն չունի և նպատակը ո՞րն է, քանդել ԲՈւՀ-ը իսպառ, խնդրում եմ ներկայացրեք Ձեր տեսլականը որպես նախարար, ի՞նչ քայլեր եք ծրագրում իրականացնել»,– ասաց Աննա Կոստանյանը:

Նախարարը պատասխանը նախ սկսեց շնորհավորանքով, որ այսօր վերջապես ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ամբողջությամբ, որում իր ներդրումն ունի Աննա կոստանյանը և որը միտված է բարձրագույն կրթության և գիտության հետագա առաջընթացին և զարգացմանը:

«ԵՊՀ-ի մոսով, շատ հետաքրքիր է, երբ մենք ասում էինք 5 և 4, ասում էին այդ դրույթը խախտում է ԲՈւՀ-ի ինքնավարությունը: Այլևս չի լինի նման իրավիճակ, ինչպիսին այսօր է: Նախ՝ ԵՊՀ-ն ունի խորհուրդ և նախարարությունը չի, որ պետք է խորհրդի նախագահի ընտրություն կազմակերպի: Ինքնավարության շրջանակներում իրենք կարող են ընտրել այդ 50/50 հարաբերակցությամբ խորհրդի նախագահ: Ինքս չգիտեմ, թե ինչու չեն ընտրում: Երկրորդ. ԵՊՀ-ն ունի կառավարիչ, տվյալ պահին կառավարիչը պրոռեկտորն է, որովհետև ժամանակավոր պաշտոնակատարը հիվանդ է: Անկառավարելի չէ ԵՊՀ-ն, այն, որ առողջ վիճակ չի ԵՊՀ-ում, բնականաբար միանում եմ Ձեր կարծիքին: Եւ այս օրենքը, որը մենք Ձեզ հետ մշակեցինք, կարծում եմ, կլուծի բոլոր այն հարցերը, որոնք մեզ և Ձեզ մտահոգում են»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` պատգամավորի մտահոգությունը տեղին է, և ԵՊՀ-ում լավագույն օրերը չեն, բայց հենց այսօրվանիից, կարծում եմ, բացվում են մեծ հնարավորություններ, որպեսզի ԵՊՀ-ում լուծվեն կուտակված, կնճռոտ բազմաթիվ հարցերը, ոչ միայն ԵՊՀ-ում, այլև մնացած բոլոր ԲՈւՀ-երում ևս: