Այվազյանը վերահաստատեց՝ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է օկուպացված տարածքներում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը վերահաստատեց, որ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է օկուպացված տարածքներում։ Հայկական մշակույթի առաջ մղումը միջազգային ասպարեզում՝ ստեղծված մշակութային դիվանակցության  հանձնաժողովի հիմնական խնդիրն է։ 

«Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է։ Դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվի։ Մեր ամենօրյա շփումները միտված են այս խնդրին հասցեագրել միջազգային ջանքերի շնորհիվ։ 
Հայտնի է, որ Արցախի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում և այսօր գործի է դրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, փորձ անելով ջնջել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և դրա պատկանելությունը»,- ասաց նախարարը։