
Պաշտպանության նախարարը հոսպիտալում տեսակցել է ցրտահարված պայմանագրային զինծառայողին

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել զինառայողների վերաբերյալ, որոնց հետ կապը մարտի 21-ին կորել էր խիստ ձնաբքի պայմաններում N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։
Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»։