Կառավարությունը պետք է համագործակցի բանկերի հետ. պատգամավորը՝ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների վարկային խնդիրների մասին

Արցախի պատերազմի ընթացքում զոհվածների և անհետ կորածների ընտանիքներն ունեն վարկային պարտավորություններ, իսկ ֆինանսական աջակցություն չեն ստացել, այս անձանց բանկերից պատասխանում են՝ վարկը կարող է զրոյացվել, եթե զոհվածի, կամ անհետ կորածի անունով է: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ 18 տարեկան ժամկետային զինծառայողը չէր կարող վարկ ունենալ, և բանկերի կողմից այդ առաջարկը միայն գործում է կամավորների դեպքում:

«Զոհվածների և անհետ կորածների ընտանիքներն ունեն վարկային պարտավորություններ, նրանք այս պահին բնականաբար որևէ կերպ աջակցություն չեն ստացել և ունեն վարկերի մարման խնդիրներ: Այդ անձինք առնչվում են բանկերի հետ, իսկ բանկերից պատասխանում են՝ մենք կարող ենք զիջումներ անել, վարկը զրոյացնել, եթե զոհվածի, կամ անհետ կորածի անունով լիներ, բայց սա բառացիորեն անհնար երևույթ է, քանի որ 18 տարեկան պատանուն որևէ մեկը վարկ չէր տա և հավանականությունը շատ փոքր է, որ որևէ ժամկետային զինծառայող կարող էր վարկ ունենալ: Նշանակում է՝ այս առաջարկը գործում է միայն կամավորների դեպքում»,- ասաց Սոֆյա Հովսեփյան:

Նա նշեց՝ անհետ կորած զինվորների ընտանիքների անդամները ամեն օր բավականաչափ վայրեր են այցելում, ունեն մեծ ծախսեր և չեն կարող վարկային պարտավորությունները կատարել: Սոֆյա Պողոսյանի առաջարկով կառավարությունը պետք է համագործակցի բանկերի հետ, որի արդյունքում վարկի մարման ժամկետները կերկարացվեն:

«Կառավարությունը պետք է հնարավոր ուշադրություն դարձնի այս հարցին և բանկերի հետ քայլեր ձեռնարկի։ Մասնավորապես, այն ընտանիքները, որոնք դեռ անհետ կորած զինծառայողներ ունեն և մինչ օրս չեն գտել իրենց զինվորների դին, տվյալ մարդիկ ամեն օր տարբեր վայրեր են այցելում և մեծ ծախսեր ունեն, նրանցից որևէ մեկը չի կարող այս պահին վարկային պարտավորություններ կատարել, տվյալ դեպքում ժամկետները պետք է երկարացվեն բանկերի հետ համաձայնությամբ, կամ պետք է սուբսիդավորում իրականացվի: Պետք է գտնել տարբերակ, որ այս ընտանիքները չկանգնեն ծանր խնդրի առաջ»,- նշեց պատգամավորը:

Քաղաքականություն