«Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի

Մեր տղաները զոհվեցին, որ երբ Ալիևը ասի Արցախի հարցը լուծված է, մենք ասենք ոչ, ահա պատերազմի պատասխանը, արդարացումը և հիմնավորումը տրված անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմից չորս ամիս անց: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«Եթե մարդ ընդունակ է անցնել բարոյական ռուբիկոնը, ապա պատրաստ է բերել հազար ու մի պատճառ, էլ նախկին, ներկա, էլ ապագա, միայն թե արդարացնի իրեն»,- ասաց նա:

Շաքե Իսայանն ասաց, որ պատերազմի ժամանակ ՍՈՒ-երը, որոնց վրա այդքան հույս էին դրել քաղաքացիները, այդպես էլ օդ չբարձրացան: «Երկու օր առաջ այդ նույն քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այո, մենք ինքնաթիռն առել էինք, բայց հրթիռները չէինք հասցրել գնել և ՀՀ քաղաքացուն այդպես էլ բացատրություն չտրվեց, և նա չիմացավ, թե բարձր ճշգրտությամբ ոնց էին խոցվել երևակայական թիրախները, իշխանության ճարպիկ խոսքո՞վ, հայացքո՞վ, ինչո՞վ»,- ասաց նա և նշեց, որ ճիշտ պատասխանը այն է, որ ստով են խոցել:

Պատգամավորը, անդրադառնալով ընտրություններին, հնարածին համարեց, որ դեռևս դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու թեզը շրջանառելիս իշխանությունը մանիպուլացրել է, թե այդ թվում ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու առումով մտավախություններ ունի, դա է պատճառը, որ հրաժարվում են:

«Բայց ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ եթե այս իշխանությունը ունի բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի»,-ասաց նա:

Քաղաքականություն