
Օնիկ Գասպարյանն իր պաշտոնը վերականգնել չի կարող. Բադասյան

Որևէ իրավական կազուս չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանը:
«Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, և Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում: Ես խորհուրդ կտամ ուղղակի սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել՝ ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում կամ իրավունքի ուժով հետևող որևէ իրադարձություն, այդտեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը վերանայել, կարծում եմ, որ տեղին չէ, և դրանք շահարկումների դաշտում են»,- նշեց Բադասյանը:
Վարչական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման մասով էլ Բադասյանը նշեց, որ դրանից ամենևին էլ չի բխում որևէ սահմանադրական պրոցես, Գասպարյանը պաշտոնում վերականգվել չի կարողանա:
Անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը՝ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու մասին, Բադասյանը նշեց. «Վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է: Սահմանադրությունը նշում է, որ եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը առարկություններով նախագահի կողմից վերադարձվում է, վարչապետի կողմից այն չի ընդունվում, և եթե նախագահը չի դիմում ՍԴ և չի ստորագրում, ապա իրավունքի ուժով համապատասխան հրամանագիրը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ այսօր սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտել»: