Փաստացի ոչ մի ժամ ես հետախուզման մեջ չեմ գտնվել՝ համաշխարհային մակարդակով. Գևորգ Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր է իմացել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից հրապարակված Ինտերպոլի փաստաթղթերի գոյության մասին։ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը միայն տեղեկություններ ուներ, որ ՌԴ իրավապահ մարմիններն են մերժել իր նկատմամբ հետախուզումը՝ պատճառաբանելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում իր նկատմամբ, ինչի վերաբերյալ ինքը համապատասխան փաստաթուղթը հրապարակել էր, իսկ այն, որ Ինտերպոլը եւս իր նկատմամբ հետախուզում չի հայտարարել տեղյակ չի եղել։

«Ինձ համար շատ կարևոր էր դա և շատ հաճելի էր։ Եթե ես տեղյակ լինեի՝ ինքս կհրապարակեի, ինչպես հրապարակեցի ՌԴ մերժումը»,- ասաց Կոստանյանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը բավականին խոսուն է այն առումով, որ Ինտերպոլն ի սկզբանե մերժել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելը։ Կոստանյանի փոխանցմամբ՝ ըստ ընթացակարգերի՝ Ինտերպոլում կա իրավական հանձնաժողով, որը պահանջում է համապատասխան երկրից բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ գնահատում տվյալ անձին հետախուզում հայտարարելու իրավական կողմը, որովհետև Ինտերպոլի կանոնադրությունը սահմանում է, որ եթե քաղաքական տարրեր կան և դրանք անհիմն են, ապա հետախուզում չի իրականացվում։

«Այդ հիմքով Ինտերպոլի իրավական հանձնաժողովը և Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունն անգամ մերժել է որևէ կերպ հետախուզում հայտարարել և սահմանափակել անգամ իմ ազատության իրավունքը։ Այսինքն՝ փաստացի ես ոչ մի ժամ հետախուզման մեջ չեմ գտնվել՝ համաշխարհային մակարդակով»,-նշեց Կոստանյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Թագուհի Թովմասյանը հրապարակել է աղմկահարույց փաստաթղթեր առ այն, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ՀՀ իրավապահների պահանջը՝ գտնելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և, դիմելով Ինտերպոլի միջազգային ստորաբաժանումներին հորդորել է հեռացնել Կոստանյանի վերաբերյալ տվյալները։

Մեզ հետ զրույցում Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ «Մարտի 1»-ի գործով անցնող այլ անձանց վերաբերյալ ևս նման փաստաթղթեր կարող են լինել, որոնք դեռևս ի հայտ չեն եկել։

««Մարտի 1»-ի գործով բացարձակ ապացույց չկա, մտացածին ինչ-որ սցենար է և ուղղակի շարադրանք կա, բոլորի մեղադրանքները շարադրություն են՝ որևէ հիմք չունենալով։ Այդ առումով համոզմունք ունեմ, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները քաղաքական նպատակով են և առանց որևէ ապացույցի, ուղղակի նրանց մասին փաստաթղթերը դեռևս հանրային սեփականություն չեն։ Ընդ որում, նկատի ունենալով, որ իմ նկատմամբ հետախուզում հայտարարելն Ինտերպոլը մերժել է դեռևս 2020թ ապրիլին, բայց մենք փաստորեն այսօր ենք տեղեկանում, որ նման փաստաթուղթ է եղել դեռևս մեկ տարի առաջ, նշանակում է, որ բազմաթիվ այլ փաստաթղթերը դեռևս չեն հրապարակվել, բայց դա չի նշանակում, որ դրանք չկան»,- նշեց Կոստանյանը։

Իսկ թե արդյոք այդ փաստաթուղթը հիմք է ՀՔԾ պետին և ՀՀ գլխավոր դատախազին պատասխանատվության ենթարկելու համար, Կոստանյանը նկատեց, որ Ինտերպոլի փաստաթուղթը միջազգային ամենահեղինակավոր իրավական մարմինների կողմից տրված գնահատական է, ինչը տվյալ անձանց ( նկատի ունի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին) և այլ անձանց մեղադրանք առաջադրելու որոշման պրեամբուլան է, դա անխուսափելիորեն է։

«Այսինքն՝ համաշխարհային մակարդակի իրավական մարմինը ֆիքսել է, որ տվյալ անձի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում՝ ապօրինի, առանց ապացույցների և քաղաքական բնույթի, դա արդեն դատավճիռ է»,- ասաց Կոստանյանը։

Ինչ վերաբերում է իր նկատմամբ նաև այդ հիմքով ՀՀ-ում հետախուզումը վերացնելուն, Կոստանյանը նշեց, որ բազմաթիվ իրավական գործընթացներ արդեն կան, բազմիցս բարձրաձայնել է իր նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցին, մասնավորապես, անկախ այդ փաստաթղթից՝ պարբերաբար ասել է, որ, եթե ցանկանում են, որ ինքը վերադառնա ՀՀ, պետք է իր նկատմամբ հետախուզումը դադարեցնեն։ Նրա խոսքով՝ հետախուզում հայտարարվում է անձին հայտնաբերելու և ՀՀ բերելու համար, ՌԴ դատախազությունը մերժել է հետախուզումը՝ նշելով, որ ՀՀ-ն քաղաքական հետապնդում է իրականացնում, հետևաբար՝ Գևորգ Կոստանյանին չեն հետախուզելու, իսկ Ինտերպոլի կողմից մերժումը նշանակում է, որ ՀՀ-ն երբեք ոչ մի պարագայում չի կարող իրեն բերել ՀՀ, եթե ինքը կամովին չգա։

«Բազմիցս ասել եմ՝ հետախուզումը վերացրեք, ես գամ Հայաստան, հետո ուզում եք կալանավորեք, ուզում եք՝ ոչ, դա ինձ չի հետաքրքրում։ Մեր իրավապահ մարմինները հետևողականորեն դա մերժում են՝ անհասկանալի տրամաբանությամբ։ Հիմա ես դա բողոքարկել եմ դատարան»,- նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ ցանկացած մտածելու ունակ մարդ կարող է արձանագրել, որ իշխանությունները չեն ցանկանում, որ ինքը վերադառնա ՀՀ, որովհետև արդեն երկու տարի է, ինչ հայտարարվում է, որ ցանկանում են իրեն հայտնաբերել և վերադարձնել ՀՀ, մինչդեռ ինքն այս երկու տարվա ընթացքում պարբերաբար հարցազրույցներ է տալիս, ապրում և աշխատում է Մոսկվայում, ամբողջ աշխարհը գիտի, թե ինքը որտեղ է ապրում, ինչով է զբաղված, բայց ասում են, որ շարունակում են հայտնաբերել։

«Այդ պայմաններում մարդն ասում է՝ տղերք, ես գալիս եմ, պետք չէ հայտնաբերել, ես ինքս եմ գալիս, իրենք ամեն ինչ անում են, որ ես չգամ, ուրիշ այլ հետևության հնարավոր չէ գալ»,- ասաց նա։

Կոստանյանը հիշեցրեց իր՝ մեկ տարի առաջ արված առաջարկությունը՝ հրապարակային խորհրդակցություն հրավիրելու վերաբերյալ, որին ինքը ևս կմասնակցեր և հրապարակային կքննարկվեր Մարտի 1-ի վերաբերյալ գործը, կբացահայտվեր գործը, իսկ իր վերաբերյալ որևէ ապացույց ներկայացնելու դեպքում ինքը մեղքը կընդուներ, մինչդեռ՝ այդ առաջարկությունը մերժվել է։

«Իրենք հրաժարվեցին, չարեցին դա, որովհետև, իհարկե, հասկանում են, որ, եթե գամ իրենց այդ ամբողջ ստերն ի հայտ են գալու և ես հիմնավորելու եմ, թե ինչու են այս ընթացքում քննությունն այս ուղղությամբ տարել և ոչ մի միջոց չեն ձեռնարկել՝ իրական «Մարտի 1»-ը բացահայտելու համար։ Ոչ միայն չեն ձեռնարկել, այլև՝ դիտավորյալ այնպես են արել, որ կոծկվի ամբողջ Մարտի 1-ի գործը։ Այդ նկատառումներից ելնելով՝ ուղղակի խուսափում են, ամեն ինչ անում են, որ ես Հայաստան չգամ»,- նշեց Կոստանյանը։

Քաղաքականություն