«Չեմ կարծում, որ մենք սխալ ուղու վրա ենք». ԱԱԾ փոխտնօրենը` «ֆեյքի գործի» մասին

ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանն այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ գործի քննությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ 

«Չեմ կարծում, որ մենք սխալ ուղու վրա ենք։ Կան մի քանի անձինք, որոնք այդ էջի մուտք ունեն, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այդ էջը շարունակում է գործել։ Նախաքննության ընթացքում կբացահայտվի ամբողջ ցանցը», - ասաց նա ։ 
Հարությունյանը նաև ընդգծեց, որ խնդիրը ոչ թե կեղծ օգտահաշվի առկայությունն է, այլ տարբեր հարցերի շուրջ ագրեսիվ ստի տարածումը: 

Հիշեցնենք` «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը պահելու գործով մեղադրվում է 4 քաղաքացի` Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը։ 

Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։ Այժմ չորսն էլ ազատության մեջ են։ 
 

Քաղաքականություն