
Գյումրիում սպանության վայրից ԲԿ տեղափոխված տղամարդու վիճակը կայուն է, իսկ կինը դուրս է գրվել

Գյումրիում այսօր՝ մարտի 15-ին, տեղի ունեցած սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու վիրահատություն ավարտվել է, իսկ կինը դուրս է գրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ բազկի կտրած-ծակած արյունահսող վերք, երակի վնասում: Հիվանդը ենթարկվել է վիրահատության, ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բուժող բժիշկը գնահատում է կայուն, վերջինս տեղափոխվել է հիվանդասենյակ, շարունակում է ստանալ ստացիոնար բուժում»,- նշեց բժշկական կենտրոնից։
Նշենք, որ այսօր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բակում նույն քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հարեւանի, նրա հորաքրոջ որդու եւ նույն հարեւանի կնոջ հետ, որի ընթացքում երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։ Դեմքի, որովայնի, պարանոցի, աջ ձեռքի շրջաններում ստացած մարմնական վնասվածքներից հարեւանը մահացել է տեղում, իսկ վերջինիս կինը, որը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, եւ հորաքրոջ որդին՝ ձեռքի շրջանում ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» եւ բժշկական միջամտության արդյունքում նրանց կյանքը փրկվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել: