Ֆրանսիայում Ալիևի կողմնակիցները փորձել են կտրել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի լեզուն

Ըստ «Кавказский узел»-ի՝ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Մուհամեդ Միրզալին, բլոգերներ Օրդուհան Թեմիրխանի և Թուրալ Սադըգլիի հետ 2018 թ.-ին սոցիալական ցանցերում բողոքի արշավ էր իրականացրել՝ «Պատմիր բռնապետի մասին» վերնագրով՝ Իլհամ Ալիևի բռնակալական ռեժիմի մասին։

Միրզալին Ֆրանսիայում մարտի 14-ին հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Հարձակվողները դանակահարել են նրան մի քանի անգամ ու դիմել փախուստի: Ըստ բլոգերի՝ հարձակվողներն իրեն ադրբեջաներենով հրամայել են բացել բերանը, որը կտրեն լեզուն։

Կայքի տվյալներով՝ Միրզալին ծանր վիճակում հոսպիտալացվել է:

Ավելի վաղ՝ 2020-ի հոկտեմբերին, բլոգերը հայտնել էր մահափորձի, ինչպես նաև SMS հաղորդագրությունների՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից սպառնալիքների մասին:

Հիշեցնենք, որ 2018-ին Միրզալին բողոքել էր Ադրբեջանում իր հարազատների հետապնդումներից: Մասնավորապես՝ 2018-ի փետրվարին 30 օր վարչական կարգով ձերբակալվել էր նրա քրոջ ամուսինը՝ Էլման Աղաևը: Բացի այդ, ըստ Միրզալիի, իր հայրը բերման է ենթարկվել: Բլոգերի հարազատներից պահանջվել էր, որ Միրզալին դադարեցնի իր ընդդիմադիր գործունեությունը:

Պատահարներ