Գևորգ Արշակյանն ընկերների հետ կռվել է թշնամու 150 հատուկջոկատայինների դեմ ու զոհվել. ինչու են պաշտոնական աղբյուրները լռում. ԼՈՒՐԵՐ

Սետեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, 29-ամյա Գևորգ Արշակյանը զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել ու մեկնել ռազմաճակատ: «Մոբ»-ի հետ մինչև հոկտեմբերի կեսը կռվել են Ջաբրայիլում, որից հետո տուն վերադառնալու հրաման ստացել: Գևորգի ընկերը՝ Արմեն Մխիթարյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմել է, որ ընկերը կրկին ծանուցագիր է ստացել, այս անգամ նույն գումարտակով վերադարձել են Արմավիրի N զորամաս: Սակայն նոյեմբերի 26-ին հրաման են ստացել՝ հսկելու Լաչինի միջանցքը:

«Լաչինում պետք է հսկեին մեր սահմանները, որպեսզի թշնամու կողմից տեղաշարժ չլիներ, մինչև ռուս խաղաղապահներն էլ կտեղակայվեին իրենց դիրքերում:

 

 Դրանից հետո հրահանգ են ստացել գնալ Հադրութ՝ պաշտպանելու Հին Թաղերի ու Խծաբերդի դիրքերը: 3 համագյուղացիներով միասին են եղել, ընդհանուր 11 հոգուց բաղկացած վաշտը հանձն է առել պահելու «Վիշկի» դիրքը: Դեկտեմբերի 10-ին Գևորգենց պետք է փոխարինեին, բայց ինչ-որ հարցեր են ծագել. պարզվել է՝ բանավոր պայմանավորվածություն է եղել հանձնելու երկու գյուղերը: 

 

Դեկտեմբերի 11-ին, երեկոյան՝ ժամը 20:00-ին, մարտերը սկսվել են, բոլորը նահանջի հրաման են ստացել, բայց, քանի որ իրենք սարի վրա են եղել, նահանջի հնարավորություն չեն ունեցել, 4 կողմից շրջափակված են եղել: Չեն հանձնվել, թշնամու հետ մարտի են բռնվել: Ոչ մեկը իրենց օգնության չի հասել, ընդհակառակը՝ իրենք են թիկունքը պաշտպանել, որպեսզի 200 զինվոր կարողանա նահանջել: Նույնիսկ թշնամին տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպես են բարձրանում նույն սարը, գրավում այդ դիրքերը: 9 հոգով, մոտավորապես, 150 թշնամու կորուստ են պատճառել ու իրենց դեմ կռվել է Թուրքիայի հատուկջոկատայինների խումբը»,- պատմում է ընկերը:

Տղաների մարմինները հարազատներին են հանձնել դեկտեմբերի 16-ին: Արմենն ասում է, որ, ըստ խոսակցությունների, մարմինները հանձնել են թշնամու բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգով: Վերջինս ասել է, որ այդ հերոսական մարտը 9 հոգով են մղել, հերոսի պես էլ պետք է հանձնվեն:

Ընտանիքի անդամները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենց որդուն ու մյուս հերոս տղաներին տարել այդտեղ, ինչու է Պաշտպանության բանակը Պաշտպանության նախարարությունից զինվորներ ուզել և ուղարկել դիրքերը պաշտպանելու: Հույն ունեն, որ այս հարցերի պատասխանները կստանան վաղ թե ուշ:

«Ողջ մնացած 200 հոգին խուսափում են մեզանից, ամոթի՞ց, թե՞ մեղքի զգացումից, չգիտենք: Պետությունն էլ որևէ պատասխան չի տալիս, պարզաբանում չի ներկայացնում»,- լրատվականի հետ զրույցում ընդգծել է Արմենը:

Գևորգի և մյուս 8 հերոսացած տղաների զոհվելու մասին պաշտոնական աղբյուրները ոչինիչ չեն հայտնել: Միայն մեկ անգամ լուրերի թողարկումով հայտնել են, սակայն չեն շեշտել, թե ինչի համար են զոհվել, երբ և որտեղ:

9 հերոսներին հետմահու պարգևատրել են Արիության մեդալով, սակայն ոչ թե նախարարությունից անձամբ են հանձնել նրանց հարազատներին, այլ Արմավիրի մարզպետարան են ուղարկել:

Գևորգը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր: Սովորում էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում: Նկարչության ոլորտում հասցրել էր բազմաթիվ հաջողություններ գրանցել, նաև բանաստեղծություններ էր գրում: Գևորգն ամուսնացած չէր, չէր սիրում կեղծավորությունն ու անարդարությունը:

Մարտի ժամանակ Գևորգը Տերունական աղոթքն ու իր անուն-ազգանունը թղթին է հանձնել ու դրել գրպանում՝ մտածելով, որ մարմնի՝ անճանաչելի լինելու դեպքում, այդպերպ կհասկանան, որ ինքն է:

Գևորգը հուղարկավորված է Մրգաշատ գյուղում: