Երևանը պատրաստ է ձմռանը, սակայն մի խնդիր կա, որին քաղաքը մշտապես բախվում է. Կամո Արեյան

Այս տարվա ձմռան ամիսների համար կազմվել է ձանմաքրման և սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը, բոլոր պատասխանատու կառույցները իրազեկված են: Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին է զեկուցել իր խորհրդական Կամո Արեյանը:


«Ռեսուրսների բաշխում է իրականացվել: Այս պահի դրությամբ ներգրավված 241 միավոր տեխնիկա կա, որից 216 ԵԱՍՄ հիմնարկի տարբեր տրամաչափերի տեխնիկան է, 25-ը՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի: Մարդկային ռեսուրսներից 614 բանվորական ուժ կա, որից 339 ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցներն են, 275-ը՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի: Ռեսուրսների բաշխման մասին իրազեկված են վարչական շրջանների ղեկավարները, տեղում աշխատանքների կազմակերպման վերահսկման ողջ պատասխանատվությունն իրենցն է»,-նշել է նա:


Արեյանն ընգծել է, որ այս պահի դրությամբ առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, սակայն մի խնդիր կա, որին քաղաքը մշտապես բախվում է:


«Դա Երևանի ավագանու 2009 թվականի «Պարտադիր բարեկարգման կանոնների մասին» ավագանու որոշման կանոնների պահպանման խնդիրն է տնտեսվարող բոլոր սուբյեկտների կողմից: Ըստ որոշման՝ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթեր, հարակից տարածքներ, և մշտապես, ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում, վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեին այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար: Մտահոգությունն այն է, որ այս պահի դրությամբ, վարչական շրջաններից վերցրած ինֆորմացիայի համաձայն՝ 9,088 տնտեսվարողներից ծանուցում ստացել են 4,156-ը»,-պարզաբանել է Արեյանը։


Նա հավելել է, որ այս պահի դրությամբ 100%-ով ծանուցել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, Նուբարաշենը և Նորք Մարաշը 85-ից 80-ին։ Մնացած վարչակայն շրջաններում, գրեթե կիսով չափ ծանուցումներն իրականացված չեն։

Քաղաքականություն