Ճշգրտումների կարիք կա. արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի. Ավինյան

Մենք պետք է իրական կյանքում հասկանանք արհեստական բանականությունը ինչքան ճշգրիտ է արձանագրել մեր խնդիրները։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով արհեստական բանականության օգտագործմամբ տարածած տեղեկատվական տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը։


«Ինձ թվում է այնտեղ որոշակի, այնուամենայնիվ, ճշգրտումների կարիք կա, որովհետև արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի և այսուհետ ինչ-որ մի փուլից սկսած, դա ձեր քարտեզն է լինելու, և դուք պարտավոր եք լինելու ինքնուրույն վարել այդ քարտեզը, օգտվել այդ քարտեզից և աշխատանքները պատվիրելիս առաջնորդվել նաև այս քարտեզով, որը պարտադիր չի միայն արհեստական բանականությամբ արվի։ Նաև ձեր աշխատակիցները պետք է աշխատեն, որպեսզի հստակ և ճշգրիտ լինի, բայց վերահսկողության տեսանկյունից ինքը շատ լուրջ գործիք է»,- դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանին ասել է քաղքապետ Տիգրան Ավինյանը: 


Թևոսյանն արձագանքել է, օրինակ, ճաքալցում արված հատվածը արհեստական բանականությունը համարել է որպես ճաք։


Քաղաքապետն էլ պատասխանել է. «Այո, իրականում ճաքերի դեպքում միանշանակ արհեստական բանականությունը կարող է դեռ չտարբերակել ամբողջական խնդրահարույց ճաքը արդեն իսկ ճաքալցվածից, բայց փոսերի մասով վստահ եմ՝ հիմնականում ճիշտ է արձանագրում։ Մեկ-երկու մասնագետ էլ դուք պետք է ունենաք, մինչև հաջորդ տարվա վերջ այս խնդիրը ձեր տիրույթ պետք է գա, դուք պետք է վարեք այս քարտեզը»։

Քաղաքականություն