«Այսօր մինչև օրվա վերջ պարզ կլինի, թե ով, ում հետ ինչ խաղի մեջ է» . Տիգրան Աբրահամյան

Եթե վերջնականապես պարզ դառնա, որ նախագահ Արմեն Սարգսյանը կուլիսային պայմանավորվածության մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դրանով ավտոմատ կերպով կրելու է ամբողջական պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանի այն բոլոր քայլերի համար, որոնք մեզ նման ողբերգական կետի են հասցրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելուն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելուն:

«Իրավաբանները հուշում են, որ այդ դերում չհայտնվելու համար Արմեն Սարգսյանը քայլի հնարավորություն ունի։ Այսօր մինչև օրվա վերջ պարզ կլինի, թե ով, ում հետ ինչ խաղի մեջ է։ Արմեն Սարգսյանը պետք է գիտակցի, որ պատասխանատվություն է կրելու ոչ միայն Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի, այլև Փաշինյանի այն բոլոր տապալումների համար, որոնք եղել են մինչպատերազմական, պատերազմական և հետպատերազմական փուլում»,-ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, բարձրագույն հրամանատարության շուրջ 50 ներկայացուցիչներ, պաշտոնաթող գեներալներ կատարել են բացառիկ քայլ՝ երկրի համար այս կարևորագույն փուլում խոսել իրադրության գերծանր լինելու մասին։

«Նրանց դիրքորոշման արտահայտումն արդեն իսկ խոսում է երկրի անվտանգության խոցելիության մակարդակի և դրա վերացման ուղղությամբ իշխանության անգործության մասին։ Գլխավոր շտաբն իր հիմնական քայլն արել է, որից հետո գնդակը փոխանցվել է ներքաղաքական դաշտի դերակատարներին։ Երկրում ստեղծված ծանր իրավիճակի և չեմ խուսափի ասել՝ պետականության կորստի մասին գիտակցող կուսակցությունները, քաղաքական, քաղաքացիական խմբերը, քաղաքական և ռազմական գործիչները չպետք է տրվեն իշխանության առաջ քաշած խաղի կանոններին և իրադարձությունների ամենատարբեր փուլերում պետք է հանդես գան, գործեն ոչ ստանդարտ գործիքակազմով»,-ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ իր համար իշխանությունից և դրա բարիքներից բարձր ոչինչ չկա, և նրա գիտակցության մեջ անհնար է մտցնել, որ գործ ունենք պետություն կորցնելու հետ։

«Ըստ այդմ՝ ստանդարտ քաղաքական քայլերը, ճնշումները իշխանության համար խնդիր չեն ստեղծում։ Հանրահավաքները գործընթացի բաղադրիչ են, սակայն միայն նման միջոցառումներով անհնար է լինելու հասնել իշխանության հեռացմանը։ Իշխանական տարբեր թևերի, պետական կառույցների հետ աշխատանքը պետք է ուժեղացնել։ Ճնշումներն ուժեղացնել, հասնել նրան, որ իշխանության ձեռքում եղած և գործադրվող մեխանիզմը չգործի, ըստ այդմ՝ իշխանությանը ստիպի կանգ առնել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Քաղաքականություն

Պատահարներ